Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել․ Կապանի համայնքապետ |hetq.am|
10:02 - 31 օգոստոսի, 2021

Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել․ Կապանի համայնքապետ |hetq.am|

hetq.am: Այս ամսվա սկզբին Կապանի ավագանու 15 անդաներից 8-ը հրաժարական են ներկայացրել: Ընդ որում՝ սկզբից վեցն էին ներկայացրել, օրեր անց՝ եւս երկուսը: Սա նշանակում է, որ առաջիկայում լինելու են ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ Կապանում անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինչը ներկայում կիրառվում է Երեւանի, Գյումրու ու Վանաձորի համանքային ընտրություններում: Այսինքն՝ կապանցիները ընտրելու են տարբեր ուժերի, որոնք ընտրական շեմը հաղթահարելուց հետո ներկայացված են լինելու ավագանու կազմում, իսկ հետո ավագանու անդամները ընտրելու է համայնքի ղեկավարին:

Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ավագանու անդամների՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելն անսպասելի էր: Ըստ նրա՝ մինչ այդ տարաձայնություններ կա խմորումներ չեն եղել ավագանու անդամների հետ, հակառակը՝ բոլորը ջերմ հարաբերություններ ունեին:

Համայնքապետը տեղյակ է ավագանու 8 անդամի հրաժարականի պատճառների մասին, սակայն դրանց չի ցանկանում անդրադառնալ՝ նշելով, թե ճիշտ է համարում, որ հենց նրանք հայտնեն իրենց հրաժարականի իրական պատճառների մասին:

Հարցին, թե ներկայում ինչ մթնոլորտ է Կապանի համայնքապետարանում, Գեւորգ Փարսյանը պատասխանում է՝ աշխատանքային նորմալ մթնոլորտ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք 8 հոգու հրաժարականները դիտարկում է որպես սաբոտաժ իր նկատմամբ, Կապանի համայնքապետը պատասխանում է. «Սա պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների եւ նման ձեւով ուզում են ինձնից ազատվել»:

Իր անձի նկատմամբ տրամադրվածությունը Փարսյանը կապում է պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակի հետ, մասնավորապես՝ նրա հետ, որ պատերազմից հետո ինքը հրապարակայնորեն հակաիշխանական դիրքորոշում է ունեցել:

Կապանի ղեկավարի հետ զրուցել ենք նաեւ այս ամիս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու միջադեպի մասին:

-Պարոն Փարսյան, օգոստոսի 25-ին ադրբեջանցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված: Ինչի՞ արդյունքում բացվեց ճանապարհը, ի՞նչ քննարկվեց, ի՞նչ փոխհամաձայնություն ձեռք բերվեց:

-Երկու օր բանակցություններ ընթացան, որոնց մասնակցում էին ռուս սահմանապահների հրամանատարական կազմը եւ մեր ԱԱԾ-ի ներկայացուցիչները։ Վերջնարդյունքում եկան համաձյանության, եւ ճանապարհը բացվեց մի վերապահումով․ տեղադրվեցին բետոնե արգելապատնեշներ ռուս սահմանապահների հսկողության ներքո՝ երթեւեկությունը դանդաղեցնելու համար։ Երկու հատվածում բետոնե արգելապատնեշ է դրվել՝ Որոտանում եւ Նոր Առաջաձորում։ Այդտեղ տեղակայվելու են ռուս սահմանապահները, որոնք ճանապարհի այդ հատվածներում իրենց վերակարգերը, անձնակազմի թիվը մեծացնելու են, որ ամբողջովին ապահովեն անվտանգ երթեւեկությունը։

-Հիմա, Ձեր կարծիքով, անվտա՞նգ է երթեւեկելն այդտեղով:

-Ռուս սահմանապահները երեկվա դրությամբ ինձ երաշխավորեցին, որ այդ հատվածներում երթեւեկելն անվտանգ է։

-Իսկ օդանավակայանի մոտ ի՞նչ վիճակ է:

-Այդտեղ վիճակն անփոփոխ է:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել