Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ հիմքով է հայտարարում, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է
09:29 - 30 օգոստոսի, 2021

Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ հիմքով է հայտարարում, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով են իշխանությունները մի քանի ամիս առաջ վիճարկելի համարվող Գորիս-Կապան ճանապարհն այսօր հայտարարում ադրբեջանական տարածք։

Պատգամավորի պնդմամբ, կա առանձին հուշագիր, որի հիմքով միջպետական ճանապարհ Գորիս-Կապանը, ինչպես նաև Կապան-Ճակատեն միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ հանձնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Գրիգորյանն հարց է բարձրացնում՝ ո՞ր քարտեզներն են իշխանությունները հիմք ընդունել՝ հատվածները ադրբեջանական վերահսկողության ներքո հանձբելու համար։

Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն» - Տիկին Գրիգորյան, Դուք նոր եք վերադարձել Սյունիքից, ինչպե՞ս է այնտեղ իրավիճակը։ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը օրեր շարունակ փակ մնալուց հետո վերջապես բացվել է, բայց մարդիկ մտահոգված են, որ նման դեպքերը կարող են կրկնվել, և սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը երաշխավորված չէ, ի՞նչ կարող եք ասել։

Աննա Գրիգորյան - Այո՛, ցավալիորեն, երկու օր շարունակ միջպետական ճանապարհը, որ դեպի Իրան էր տանում, փաստացի փակված էր ադրբեջանցիների կողմից, և, ցավալիորեն, իշխանությունները նույնիսկ ասում էին, որ կանխատեսել էին, որ կարող են նմամ զարգացումներ տեղի ունենալ, ինչն, իհարկե, աբսուրդ է, նոնսենս է։ Ես կուզենայի նաև մի փոքր բացել, թե առհասարակ ինչպես է այս իրավիճակն առաջացել և ինչու են ադրբեջանցիները փորձել փակել ճանապարհը․ իհարկե տարբեր պատրվակներ կան, բայց ես շատ ավելի խորքից եմ ուզում գալ․ Դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետում հստակ ամրագրվում էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ տեղակայված են այդ պահին։ Այդ ժամանակ մենք բավականին առաջ էինք գտնվում և Սյունիքի անվտանգությունը հնարավոր էր լիարժեք ապահովել, ինչպես նաև միջպետական ճանապարհը գտնվում էր ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո և դա այդպես էր մինչև դեկտեմբերի 17-ը, երբ հրաման եղավ, որ մենք պետք է անհապաղ մեր զորքերը հետ քաշենք, մինչդեռ մենք, հատկապես համայնքապետերի գործուն ջանքերի արդյունքում, նոր բնագծեր էինք ձևավորել, ամրացել էինք և, հետևաբար, կարողանում էինք մեր անվտանգությունն ապահովել, ինչպես նաև սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունը։ Եվ խախտելով փաստացի կերպով նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը՝ մենք հանձնել ենք թշնամիներին այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կովսականի և Սանասարի հատվածները։ Վարչապետն ասում էր, որ դա արել է բանավոր փոխըմբռնման հիման ներքո։ Ես ուզում եմ սա հատուկ ընդգծել, որովհետև սահմանների փոփոխությունը և ճանապարհների՝ թշնամու վերահսկողության տալը, չի կարող ուղղակի բանավոր փոխըմբռնման հիմքով տեղի ունենալ, սա ուղղակի աբսուրդ է։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել