Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակով կպատասխանենք․ Նիկոլ Փաշինյան
11:59 - 27 օգոստոսի, 2021

Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակով կպատասխանենք․ Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանային խաղաղության թեմային վերադառնալով պետք է ասեմ, որ որոշակի դրական, հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք, և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք։ Տարածաշրջանային խաղաղության թեմային անդրադառնալով այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանն ընդգծեց, որ 2021 թվականին նախընտրկան քարոզարշավի ժամանակ ասված ամեն խոստում պետք է տեղ գտնի կառավարության միջոցառումների շրջանակում, և անհրաժեշտ է խումբ ձևավորել, որ ևս մեկ անգամ դիտի նախընտրական տասնյակ ժամեր տևող քարոզարշավը և կառանձնացնի կառավարության անելիքները՝ ըստ խմբերի և ոլորտների։

Փաշինյանն ասաց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը  անկանխատեսելի չէր, և կառավարությունն այս ընթացքում աշխատել է նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ և շարունակելու է աշխատել։

«Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ։ Նաև ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ եթե Ադրբեջանը ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի։ Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննությամբ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ »,–ասաց նա։

Անդրադառնալով  կառավարության հնգամյա ծրագրին Փաշինյանը կարևորեց մինջհայանքային և հարապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման  ծրագրերը։ Վարչապետը նշեց, որ մասնավորապես Սյունիքի մարզում պետք է այն իրականացնել, նա հավելեց, որ մինչև տարվերջ Տաթև - Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի։ Համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար։

«Կառավարության ծրագիրը պետք  է ներառի կառավարության յուրաքանչյուր նախարարության կամ գերատեսչության ամենօրյա անելիքը։ Կառավարության որոշումները պետք է բխեն այդ ծրագրից, ըստ այդմ առաջարկվող և հաստատվելիք բոլոր միջոցառումները պետք է լինեն չափելի, իրականացման արագ տեմպի սկզբունքի վրա հիմնված, բազային, միջանկյալ և վերջնական ցուցիչների գնահատականներով, միջոլորտային, սինխրոնիզացված և ֆինանսավորման արդյունավետ մոդելի նկարագրությամբ։ Սա իմիջիայլոց ռազմավարական կառավարմանն անցնելու, մեր տեսլականն իրագործելու շրջադարձային պահ է և պլանավորման որակը շատ բանով կանխորոշելու է մեր հաջողությունը՝ մեր երկիրը զարգացնելու և շենացնելու գործում»,- եզրափակեց Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունն այսօր 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 37.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 13.8կմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել