Բանակի բարեփոխումները մեր էքսկլուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները․ Նիկոլ Փաշինյան
16:55 - 24 օգոստոսի, 2021

Բանակի բարեփոխումները մեր էքսկլուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո տեղի ունեցած միջավադեպին՝ նշեց, որ ինքը նույնպես դատապարտում է  որը տեղի ունեցածը։ 

«Մյուս դատապարտման խնդիրը կայանում է նրանում, որ մեր գործընկերները այստեղ չեն և հնարավորություն չունեն հենց ծրագրի քննարկմանը մասնակցություն ունենալ։ Այս ամենը արդյունք է նաև նրան, որ ռազմաքաղաքական իրավիճակին ո՛չ Ազգային ժողովի քննարկումներում, ո՛չ այսօր ծրագրի մեջ լիարժեք գնահատական չի եղել, իսկ լիարժեք գնահատականը անհաջողությունների և  պարտությունների այն շարանն է , որն արտահայտվել է նաև մեր սահմաններում։ Հիմա հարցս հետևյալն է՝ Զինված ուժերում բարեփոխումներ են իրականացվում և դրանց շրջանակներում Դուք չե՞ք կարծում, որ թուլացնում ենք, մեր ռազմական ներուժը, ասենք ժամկետային ծառայության ժամկետը փոխելով։ Երկրորդը ի՞նչ գործընթացի արդյունքում է, կամ ի՞նչ փաստաթղթի, ի՞նչ խորը վերլուծության արյդունքում է, որ մենք կազմել ենք բարեփոխումների կամ չգիտեմ այլ պլան, որովհետև հանրությանը չի ներկայացվում»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով հարցին Փաշինյանը պատասխանեց, որ բանակի  բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չէ։

«Մենք քաղաքական որոշակի նպատակադրումներ ենք ձևակերպում, որը արդյունքում պետք է դառնա փաստաթուղթ, որը պետք է ընդունվի Անվտանգության խորհուրդում  և չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ Դուք կամ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող որևէ գործընկեր այս կապակցությամբ արտահայտի դիրքորոշումներ։ Երբ ես այս ամբիոնից որոշակի շեշտադրումներ եմ անում, դրա նպատակներից մեկը գուցե արձագանքներ լսելն է։ Մեր բանակը, Զինված ուժերը , անվտանգության օրակարգը մեր սեփականությունը չենք համարում, մենք երբեք չենք ասել՝ «վայ, մենք ամենալավն ենք դրանից հասկանում և չենք լսում այլ կարծիքներ, տեսակետներ», չենք ասել և չենք ասի»,- պատասխանեց Փաշինյանը։ 

Վերջինս հավելեց, որ կառավարողն ուժն ունի որոշակի պատկերացումներ, այդ պատկերացումները հիմնված են որոշակի վերլուծությունների, փորձագիտական որոշակի առաջարկությունների վրա, բայց իրենք այս  թեման երբեք փակված չեն համարել։ Վարչապետը շարունակելով իր խոսքն ասաց․

«Մենք ասում ենք այսպիսի նպատակադրում ունենք, և ենթադրվում է, որ դա որոշակի օրենսդրական փոփոխություններով պետք է ուղեկցվի և զուգակցվիա։ Դա գալու է Ազգային ժողով, անցնելու է Ձեր քննակման խողովակով։ Այդ բարեփոխումը չի ավարտվել և սկսվել է միայն նախապատրաստական շրջանը։ Պատգամավորի կարգավիճակը հնարավորություն է տալիս այդ բոլոր աշխատանքներին մասնակցել, ընդ որում առանց գաղտնիության սահմանափակման, որովհետև պատգամավորներին այդ բովանդակությունը լիարժեք հասու է։ Այո՛, մենք կարծում ենք, որ այս կառուցվածքը արդյունավետ չէ, որովհետև մենք մարդուն ասում ենք՝ 15 օր եղիր օրինակ՝ տաքսու վարորդ, փականագործ, կամ 15 օր եղիր զինվոր, դա էֆեկտիվ կառույց  չէ։  Դուք էլ եք դա տեսել, Դուք էլ եք խոսել այդ մասին։ Ես անձամբ առիթ եմ ունեցել խոսել Ձեզ հետ այդ մասին, երբ Դուք Պաշտպանության նախարար էինք, ես պատգամավոր։ Բանակի բարեփոխումները մեր էքսկլուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլոր քննադատությունները»։

Օհանյանը շեշտեց, որ մինչև պատերազմը ինքը վարչապետին առաջարկել է հանդիպելու և անվտանգային համակարգի վերաբերյալ առաջարկություններ քննարկելու, սակայն Օհանյանի խոսքով Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկը չի ընդունվել։ Օհանյանը նշեց, որ իր կարծիքով մենք բանակի բարեփոխումների հիմնական ծրագիր չունենք։ 

«Ես նկատի ունեի, որ մինչև բարեփոխումները սկսելը պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում արվի, անվտանգության միջավայրի գնահատական տրվի, ներքին և արտաքին սպառնալիքները հաշվի առնվեն և դրանից ելնելով պլան կազմվի։ Այսօրվա մեր բարեփոխումները երբ ուզում են ներկայացնել, մենք այսպես ենք հասկանում, կամ տեսնում ենք արտաքին տեսք, կամ ասում են, որ ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ը պետք է գան և մեր փոխարեն ինչ-որ խնդիրներ կատարեն։ Ես կարծում եմ, որ պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում  իրականացվի և լուրջ ծրագիր պետք է կազմվի։ Ես գտնում եմ, որ անչափ կարևոր ծրագիր պետք է կազմվի բանակի բարեփոխման համար»,- եզրափակեց Օհանյանը։

Փաշինյանն ի պատասխան ընդգծեց, որ ընդհանուր ծրագիրը դեռ կազմվում է և առնվազն երկու անգամ ԱԽ-ում եղել է քննարկում, այս առումով մի քանի փաստաթղթերի նախագծեր են շրջանառվում։

«Աշխատանքն արվում է և կարծում եմ, որ նաև ցանկության դեպքում կարող եք հաղորդակից լինել այդ գործընթացին»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել