Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, ձեր ժամանակ շփոթ է առաջացել․ Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
16:30 - 24 օգոստոսի, 2021

Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, ձեր ժամանակ շփոթ է առաջացել․ Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ վարչապետը պատերազմի սանձազերծումը համարում է Արցախի վերաբերյալ մինչեւ հիմա ունեցած ոչ հստակ դիրքորոշումների, շփոթի հետեւանք։ Ռուստամյանը համաձայն է, որ դա այդպես է, բայց ինքը համարում է, որ այդ շփոթն առաջացել է Փաշինյանի ղեկավարման օրոք․

«Ձեզնից առաջ հայ ժողովուրդը հստակ արձանագրել է, թե ինչպես է պատրաստվում լուծել Ղարաբաղի հարցը, եւ դա եղել է թե Ղարաբաղի երկու հանրաքվեներով ամրագրված, թե նաեւ հռչակագրերով, որոնք բացառիկ փաստաթղեր են, որ ընդունվել են միաձայնությամբ՝ ՀՀ-ի եւ ԼՂ-ի անկախության հռչակագրերը։ Ըստ այդ մոտեցումների՝ հանրաքվեն փաստել է մի շատ կարեւոր լուծման ուղղություն՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, բայց էնտեղ շատ հստակ հերթականություն է նշված՝ կարգավիճակ, հետո՝ տարածքներ։ Եթե դա լավ չի ընկալվել, դա այլ հարց է, բայց սեւով սպիտակի վրա գրված է, հստակ է։ Ինչ վերաբերում է միացման եւ անկախության հակադրմանը․ միացումը մեզ համար միշտ եղել է ռազմավարական նպատակ, իսկ անկախությունը՝ այդ նպատակին հասնելու մարտավարական հանգրվան»,- ասաց Ռուստամյանն ու շեշտեց՝ Փաշինյանի կառավարության ժամանակ շփոթ է առաջացել․

«Դուք սկզբից եկաք եւ խոսեցիք անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետեւ Ղարաբաղի կողմից չեք ընտրվել, եւ պետք է Ղարաբաղը բանակցություններին մասնակցի, հետո ասացիք՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ։ Այսինքն՝ անկախությունը եւ մաիցումն իրար հակադրվում են, հաջորդաբար՝ իրար լրացնում, վերջում ավելի անհասկանալի բան ասացիք՝ էնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի Հայաստանին, Ղարաբաղին, Ադրբեջանին։ Պարզվեց՝ ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին։ Էս հարցն ինչպե՞ս եք դուք ներկայացնում որպես պատմական էնպիսի մի ձախողում, որի արդյունքում ունեցանք պատերազմ։ Շփոթն առաջացել է ձե՛ր ժամանակ»։

Ի պատասխան՝ Փաշինյանը դիտարկում արեց՝ Ռուստամյանը համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է․ «Էստեղ խնդիր եմ տեսնում, որովհետեւ ձեր այդ արձանագրումն ուղղակի համահունչ է Ադրբեջաննի արձանագրմանը, ես չեմ կարծում, որ ճիշտ է՝ ՀՀ ԱԺ-ում այդպիսի դիրքորոշում հնչի։ Դուք ասում եք, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեով լուծել է կարգավիճակի հարցը։ Եթե էդպես է, ապա ինչու է ՀՀ-ն, սկսած 2000-ականներից, բանակցել Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով․ քանի՞ անգամ հանրաքվե պետք է տեղի ունենա։ Դուք հակասությունների մասին եք ասում․ էդ ո՞նց է՝ մի կողմից Արցախի ընդունված Սահմանադրությամբ էդ նույն տարածքները համարվում են Արցախի մաս, ՀՀ օրենսդրությամբ՝ Ադրբեջանի մաս։ Էդ հակասությունները ի վերջո հասել են կուլմինացիայի»։

Փաշինյանն ասաց՝ այո՛, պատերազմը իրենց ժամանակ է եղել, բայց պատերազմի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Սերժ Սարգսյանը․ «Այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, հայտարարելով երկու բան՝ բանակցային գործընթացը կանգնած է եւ լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են եւ անընդունելի են մեզ համար, եւ երկրորդը՝ մենք այլեւս երկար ժամանակ չպիտի հույս ունենանք, որ Ադրբեջանը թողնելու է ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր մոտեցումը»։ Էդ պատերազմի գալն էս ամբիոնից ուրիշ մարդ է հայտարարել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հակասություններն, այո, եղել են, եւ իր օրոք հասել են կուլմինացիայի։

Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Ռուստամյանը կրկնեց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է՝ որպես ռազմավարական նպատակ․ «Այ դուք է՛դ չեք կարողացել ընկալել, դրանք զուգահեռ չի կարելի տանել, ե՛ւ ասել՝ անկախ է, ե՛ւ ասել՝ միացում։ Դրանք զուգահեռ չեն կարող լինել, իրար կհակասեն, բայց հետեւողականորեն գնալ հերթականության ճանապարհով, դա եղել է ռազմավարական նպատակ՝ միշտ, բայց որպես մարտավարական հանգրվան, եղել է անկախությունը։ Դուք որեւէ կասկած ունե՞ք, որ եթե հասնեինք նրան, որ Ադրբեջանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, միանգամից կհամաձայներ, որ միանան իրար, որովհետեւ չէր ուզի, որ հայկական երկու անկախ պետություններ լինեն, երկու ձայն ունենան ՄԱԿ-ում։ Սրանք հաշվարկված են եղել, դուք եկել եք, էդ ժառանգությունը չեք յուրացրել, ձեր իշխանության պռոբլեմը սա է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել