Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հանելու համար անվտանգության աշխատակիցներ հրավիրվեցին
15:11 - 24 օգոստոսի, 2021

Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հանելու համար անվտանգության աշխատակիցներ հրավիրվեցին

ՀՀ խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար ի թիվս այլոց հերթագրվել էր նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որն իր խոսքի սկզբում հայտարարեց՝ կառավարության ծրագիրը համարում է ձեւական փաստաթուղթ, ուստի ցանկանում է հիշեցումներ անել։ 
Նա Փաշինյանին դիմեց ոչ թե ազգանունով կամ պաշտոնով, այլ որպես «Ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած անձնավորություն» եւ ասաց․

«ԱԺ ամբիոնի մոտ կանգնած այս անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության եւ ներքաղաքական իրականության մասին էնպիսի տվյալներ ունի, որ երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը եւ, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակը։ Ուզում եմ փաստել, որ էդ ահաբեկիչ Ալիեւը, զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով ՀՀ անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Սեւանն էլ, Երեւանն էլ, ամեն ինչ իրենցն է, եւ ՀՀ իշխանությունները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, մեր կողմից որեւէ արձագանք չկա, եւ էս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի ալիեւյան կլանի ղեկավարած իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը, ապա, դիմելով քաղաքացիներին, ասաց․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ որեւէ կերպ հնարավորություն ընձեռնված չէ տեսնելու իրականությունը, որը հիմա կա էս դահլիճում․ ուզում եմ ձեզ դրա մասին պատմել․ հիմա էս անձնավորությունը (դարձյալ նկատի ունի Փաշինյանին,- խմբ․), իր հետ դահլիճ ա բերել «ախռանիկներ», որոնք երբեւէ ԱԺ չեն մտել․․․»։

Ելույթի այս հատվածում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց, որին զուգահեռ ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց, ենթադրաբար, ՔՊ խմբակցության պատգամավորների շրջանից, քանի որ Սիմոնյանը նախազգուշացրեց նաեւ այդ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Աննա Մկրտչյանի խոսափողը Սիմոնյանի պահանջով անջատեցին։ Փաշինյանը հարկ չհամարեց արձագանքել Մկրտչյանի ելույթին՝ նշելով, որ իրեն ուղղված հարց չի հնչել։

Նախազգուշացում ստացավ նաեւ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Պատգամավորները շարունակում էին արձագանքներ անել Մկրտչյանի ելույթի առնչությամբ, Մկրտչյանն էլ մի քանի անգամ հնչեցրեց «կապիտուլյանտ» բառը, եւ քանի որ խոսակցությունները չէին դադարում, Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ բղավել «լռությո՛ւն դահլիճում»։ Նա, դիմելով Մկրտչյանին, ասաց, որ մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից զրկում է պատգամավորին։

Հաջորդիվ հարց էր հնչեցնում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա, դիմելով Փաշինյանին, ասաց, որ ուզում է լսել նրա վերաբերմունքը ՔՊ-ականների հնչեցրած ռեպլիկների վերաբերյալ, ապա մեկնաբանել Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո այդ փաստաթղթով չնախատեսված տարածքները հանձնվել են Ադրբեջանին, թե «ռազմական գործողությունների ընթացքում կորցրած տարածքներն այլ կարգավիճակ ունեին, փաստաթղթով հանձնվող տարածքները՝ այլ կարգավիճակ»։
Աբրահամյանը հիշեցրեց, որ հետո ունեցանք նաեւ Հին Թաղերի, Խծաբերդի հանձնումը, որոնք նախատեսված չէին փաստաթղթով, ապա նաեւ Կովսականի, Սանասարի մի մասի հանձնում, որը նույնպես նախատեսված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթով․

«Հետագայում դուք եւ ձեր տարբեր գործընկերներ նշեցին, որ եղել է պատերազմի վտանգ, եւ այն կանխելու եւ նոր պատերազմ թույլ չտալու համար ստիպված եք եղել գնալ զիջումների․ արդյոք Հայաստանում կամ Արցախում ապրող մեր հայրենակիցները կարող են ենթադրել, որ հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար Հայաստանի կամ Արցախի տարածքներից կարող են նոր շրջաններ հանձնվել»։

Թիմակիցների արձագանքի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, նրանք բավականին զուսպ, ինքը կասեր՝ նույնիսկ մեղմ են արձագանքում։ Այս խոսքից հետո դահլիճում դարձյալ աղմուկ սկսվեց, որը փորձեց սաստել Ալեն Սիմոնյանը։ Նա Աննա Մկրտչյանին հեռացրեց նիստերի դահլիճից՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը։ Նա խնդրեց լքել դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն։ Քանի որ նա չէր հեռանում դահլիճից, անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեցին։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն անմիջապես մոտեցան Աննա Մկրտչյանի աթոռին, որպեսզի անվտանգության աշխատակիցները նրան դուրս չհանեն։ Նիստն ընդմիջվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել