Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում
12:15 - 24 օգոստոսի, 2021

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում լրագրողները օթյակում բողոքի ակցիա իրականացրին։ Բողոքի ակցիայի առիթը օրերս Աժ խորհրդի ընդունած փոփոխություններն են։ Ըստ այդ փոփոխությունների լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Աժ այգում: Վերջիններս կարող են ԱԺ պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Լրագրողները այս փոփոխությունները համարում են իրենց տեղաշարժի սահմանափակում; 

Լրագրողները գրառումներ էին արել պաստառների վրա, և պահել ապակիների մոտ։ Դրանցից մեկի վրա գրված էր՝ «Մամուլն այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք»։ Անվտանգության աշխատակիցները ժամանեցին օթյակ, և հորդորեցին լրագրողներին ակցիան իրականացնել այլ վայրում։ Լրագրողները շեշտեցին, թե տարիներ առաջ, երբ ձերբակալել էին Նիկոլ Փաշինյանին խմբագիրները ակցիա էին իրականացնում Փաշինյանի համար։ Լրագրող Անի Գևորգյանը անվտանգության աշխատակիցների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ 

Լրագրողներից մեկը շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, և այս ակցիայով լրագրողները փորձում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և պահանջում են նրա հետ հանդիպում, որպեսզի Փաշինյանը պատասխանի իրենց հարցերին։ 

Լրագրող Վահե Մակարյանն էլ շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը արդյունք չի տվել, քանի որ բոլոր սլաքները ուղղվում են կոնկրետ մեկ մարդու, և լրագրողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հանձնարարությամբ կամ հորդորով են այս սահմանափակումները մտցվել։ 

Լրագրողներն ընդգծեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց գործընկերն է և հասկանում է, թե ինչպես պետք է կառուցվի լրագրողի աշխատանքը։ Լրագրողների խոսքով իրենք օգտագործել են բոլոր միջոցները հարցի կարգավորման համար, սակայն դրանք արդյունք չեն տվել։ 

Վահե Մակարյանը, խոսելով լրագրողների անունից, շեշտեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ, այլ բացառապես լրագրողական, և այն արվում է լրագրողների իրավունքների պահպանման համար։ 

Լրագրողներին մոտեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նա ասաց, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցով նախատեսում են մեծ քննարկում կազմակերպել։

«Այդ քննարկումից պետք է դուրս գալ լուծումներով և ոչ թե միայն բողոքել, այլ գտնել երկու կողմի համար ընդունելի լուծումներ։ Ես իմ ելույթով կբարձրաձայնեմ լրագրողների բողոքի ձայնը և կհայտնեմ, որ լրագրողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել էր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել