Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնագիտական հատվածի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
10:32 - 19 օգոստոսի, 2021

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնագիտական հատվածի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 18-ին կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝  Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Մասնակցում էին Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության,  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների,  Քաղաքաշինության կոմիտեի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի անդամները քննարկել են  փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։ Մասնավորապես, անդրադարձ է  եղել  շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում կապալառու կազմակերպության կողմից հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պահպանությանն ուղղված միջոցառումների ապահովմանը։ Նշվել է, որ կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ շինարարության փուլում ներդրված են անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, որպեսզի հուշարձանների պաշտպանության բոլոր մեխանիզմները գործեն լիարժեք։ Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ միջգերատեսչական սերտ համագործակցություն է ընթանում, և պատվիրատուի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի ծրագրի իրականացման փուլում այդ հարցում որևէ խնդիր չառաջանա։ 

Նիստի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել