ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են
18:13 - 18 օգոստոսի, 2021

ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

Գուրգեն Ավետյան անունով օգտատերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ 9 լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։

«Ալիևը, հավանաբար, որոշել է առավելագույնս ճնշել Հայաստանին։ Այդ նպատակի համար նա զորքեր է տեղափոխում Քարվաճառի շրջան։ Այս տարվա ընթացքում հայկական կողմից ոչ մի սահմանապահ պաշտպանական կառույց չի ստեղծվել։ Դրա համար էլ Ալիևը որոշել է այնտեղ մտցնել իր հարձակողական զորքերը և ուժով գրավել 27 կմ հողեր, որոնք կիսում են Քարվաճառի շրջանը թուրք-ազերիների կողմից օկուպացված Նախիջևանի Հանրապետությունից և թուրքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանից՝ Թուրքիա-Ադրբեջան ցամաքային սահման ունենալու համար»,- ասված է օգտատիրոջ գրառման մեջ։

Գրառումն ու լուսանկարները հրապարակվել են pastinfo.am-ում՝ «Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին. ահազանգ» վերնագրով։

Հստակ ոչինչ չենք կարող ասել օգտատիրոջ այն պնդման վերաբերյալ, թե Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ Սակայն մեզ հաջողվել է համացանցում գտնել հրապարակված 9 լուսանկարներից 7-ը․ 7-ն էլ հին լուսանկարներ են։

Այսպիսով, առաջին, երկրորդ և հինգերորդ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2021-ի մայիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։

Ադրբեջանի ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նախիջևանի կայազորում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ կից տարածելով այս լուսանկարները։

Հրապարակված լուսանկարներից երրորդը ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել է 2021-ի օգոստոսի 13-ին։ Լուրն այն մասին է, որ Ադրբեջանի տանկային ստորաբաժանումները ինտենսիվ մարտական ​​պատրաստություն են անցկացնում։

Չորրորդ լուսանկարը հրապարակվել է 2021-ի հուլիսի 2-ին։ Ադրբեջանական ՊՆ-ն այդ ժամանակ հաղորդել է, որ Բաքվում շարունակվում են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները։

Վեցերորդ և յոթերորդ լուսանկարները համացանցում գտնել չհաջողվեց։

Ութերորդ լուսանկարը ադրբեջանական լրատվամիջոցներում 2021-ի հուլիսի 16-ին հրապարակված տեսանյութից է։ Տեսանյութում խոսվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին։

Վերջին լուսանկարը համացանցում հայտնվել է դեռևս 2018-ին։ Հրապարակված լուրը կրկին ադրբեջանական բանակի զորավարժություններին է վերաբերում։ 

Քանի որ օգտատերն այս լուսանկարները հրապարակել է մի գրառման հետ, որտեղ խոսվում է ՀՀ սահմանի մոտ ադրբեջանական հարձակողական զորքեր բերելու մասին, տպավորություն է ստեղծվում, թե լուսանկարները նոր են և ապացուցում են այդ զորքերի՝ ՀՀ սահմանին մոտենալը։ Սակայն, ինչպես համոզվեցինք, հրապարակված 9 լուսանկարներից առնվազն 7-ը հին են։

Ինչ վերաբերում է հակառակորդի՝ ՀՀ սահմանին հարձակողական զորքեր մոտեցնելուն, այդ պնդման մասին հստակ ոչինչ նշել չենք կարող։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել