Գառնիկ Իսաղուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու և բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
17:43 - 17 օգոստոսի, 2021

Գառնիկ Իսաղուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու և բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Գառնիկ Իսաղուլյանը 2020 թվականի նոյեմբերի 23-ին` «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վերջինիս թիմի անդամները համագործակցել են Բաքվի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, Թուրքիայից ու Ադրբեջանից ստացել են 48 միլիոն ԱՄՆ դոլար և նշված գումարով 2018թ.-ին ՀՀ-ում հեղափոխություն իրականացրել: Այդպիսով Գ. Իսաղուլյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ ըստ էության մեղադրել է առանձնապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ՝ կատարելով սուտ մատնություն:

Բացի այդ, նույն ասուլիսի ժամանակ Գ. Իսաղուլյանը հայտնել է, թե իբր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ: Այսինքն` գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, Գ. Իսաղուլյանը հարցազրույցի ընթացքում հայտնել է ևս մեկ չկատարված հանցագործության մասին` այդպիսով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ մեղադրելով առանձապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ:

Այնուհետև Գ. Իսաղուլյանը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին  «168.am» լրատվական կայքում, իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ, դարձյալ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է թե իբր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն՝այդպիսով Սամվել Բաբայանին ուղղակի դիտավորությամբ հանիրավիմեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ:

Բացի այդ, Գ. Իսաղուլյանը հրապարակային՝ հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Youtube» ինտերնետային կայքէջում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին հրապարակված տեսանյութում դիտավորությամբ հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր՝ նշելով, որ ՀՀ վարչապետին ֆիզիկապես ոչնչացնողը պետք է ստանա ազգային հերոսի կոչում և 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար: Գ. Իսաղուլյանը միաժամանակ հավաստիացրել է, որ Նիկոլ Փաշինյանին վնասելը հակաօրինական գործողություն չէ՝ այդ կերպ հրապարակայնորեն արդարացնելով նաև նման բռնությունը:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երեք դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել