ՊՆ-ն օրենքի խախտմամբ չի տրամադրում ռազմական ոլորտում Փաշինյանի հայտնած տվյալների մասին տեղեկություն
12:09 - 18 օգոստոսի, 2021

ՊՆ-ն օրենքի խախտմամբ չի տրամադրում ռազմական ոլորտում Փաշինյանի հայտնած տվյալների մասին տեղեկություն

«Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք [...]։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել․․․, որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել լամպ փոխելու․․․[...]։ Այո, պատրաստվել ենք պատերազմի եւ դրանով դրդել ենք պատերազմ»։ Այս մասին դեռ 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում՝ մայիսի 5-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին, թե՝ մենք կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին։

Այս պատասխանի ժամանակ Փաշինյանը նաեւ ինժեներական աշխատանքների պլանավորման վերաբերյալ որոշակի տվյալներ ներկայացրեց՝ միեւնույն ժամանակ նշելով, որ թեպետ դրանցում «ինչ-որ գաղտնիության էլեմենտ կա», բայց ինքը հարկ է համարում հրապարակել։ Փաշինյանը նշեց, որ պատերազմից անմիջապես հետո վերլուծել են 2016-18թթ․ եւ 2018-20թթ․ ընկած ժամանակահատվածը։ Նրա հայտարարած տվյալներն այսպիսինն էին․ «2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, կենցաղի, զինվորների ապահովման կառույցները՝ 2,7 անգամ (սա այն է, երբ դիրքերում ծառայության պայմանները փոխվում են), հավաքովի գետնատնակների թիվը՝ 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվն աճել է 55 անգամ, քառաթեւ հավաքովի գետնատնակների թիվն աճել է 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1,3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1,4 անգամ։ Ուրիշ տվյալներ՝ հրաձգային զենքեր եւ մերձամարտի միջոցներ՝ աճել են 1,8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7,3 անգամ, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ՝ 3,5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2,3 անգամ, ինքնաթիռային եւ Kopter տեսակի ԱԹՍ-ներ՝ 6,8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ։ Անգա՛մ, ոչ թե տոկոս, այլ անգամ»,- թվարկեց Փաշինյանն ու հավելեց՝ այո՛, պատերազմի պատրաստվել են, բայց պատերազմի պատրաստվելիս չեն ասում՝ ժողովուրդ ջան, մենք պատրաստվում ենք։ Հետագայքում այս տվյալների մի մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն շրջանառեցին նախընտրական քարոզարշավից առաջ ու դրա ընթացքում։

Փաշինյանի ելույթից հետո՝ մայիսի 6-ին, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հասկանալու՝ այս տվյալները ճշգրտվա՞ծ են, եւ որքանո՞վ են այդ ցուցանիշներն աճել 2016-28թթ․՝ համեմատ 2014-16թթ․-ի։

ՊՆ ուղարկած մեր հարցմանը մինչ օրս բովանդակային պատասխան չի տրվել։ ՊՆ-ն օրենքով սահմանված ժամկետի խախտմաբ հայտնել է, թե հայցվող տեղեկությունն արդեն իսկ հրապարակված է։ ՊՆ-ին պատասխան գրությամբ խնդրել ենք ողջամիտ կարճ ժամանակահատվածում եւ օրենքով սահմանված կարգով հարցմանը պատասխանել ըստ էության՝ տրամադրել հայցվող տեղեկությունը՝ հարցերին պատասխանելով հերթականությամբ կամ նշել, թե որտեղ եւ երբ է հրապարակվել հայցվող տեղեկությունը։ Ի հավելումն՝ նախարարությանը հիշեցրել ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում», նույն օրենքի հոդված 12-ի 3-րդ կետի համաձայն՝ «տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝ տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն»։

Այս գրությունը եւս մնաց անպատասխան, եւ ՊՆ կատարած մեր տասնյակ զանգերից հետո միայն հուլիսին՝ հարցումն ուղարկելուց երկու ամիս անց, առաջարկեցին նախարարաին ուղարկած նույն հարցումը հասցեագրել ՀՀ ՊՆ ԳՇ պետին։ Հուլիսի 26-ին ԳՇ պետին հասցեագրած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան՝ դարձյալ ստացանք գրություն, ըստ որի՝ հայցվող տեղեկությունը հրապարակված է, իսկ լրացուցիչ տեղեկության տրամադրումը մերժվում է՝ գաղտնիք պարունակելու հիմքով։ Այս անգամ եւս չի կատարվել օրենքի պահանջը, չի նշվել՝ որտեղ է հրապարակված մեր հայցած տեղեկությունը, եւ անգամ հստակեցված չէ, թե հավելյալ ո՞ր տեղեկությունն է համարվում գաղտնի, քանզի մենք խնդրել էինք տրամադրել այն տվյալները, որոնք ներկայացրել էր Փաշինյանը։ Ընդ որում՝ հարցման առաջին արձագանքում գաղտնիքի մասին որեւէ նշում չի եղել։ Զանգի միջոցով կրկին խնդրեցինք պատշաճ պատասխանել հարցերին եւ, իհարկե, առաջնորդվելով իր գործելաոճով, պատասխան չստացանք։

Այսպիսով, ՊՆ-ում կա՛մ չեն տիրապետում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, այդ պատճառով խախտում են այն՝ չտրամադրելով տեղեկության հրապարակման աղբյուրը կամ այն տնօրինողի անունը, կա՛մ տիրապետում են օրենքին, սակայն անհասկանալի պատճառով ցանկություն չունեն ներկայացնելու հայցվող տեղեկություններըլ։ Եւ քանի որ տեղեկություն չենք ստանում իրավասու մարմնից, դժվար է գնահատել՝ վարչապետի հայտնած ցուցանիշները որքանով են ճշգրիտ, եւ քանզի ՊՆ-ն չի տրամադրում նաեւ 2016-18թթ․-ին հիշատակված ոլորտներում աճի ցուցանիշները, համեմատության եզրեր չեն լինում։ Որպես օրինակ՝ սոցցանցերում ՔՊ շրջանակներից տարածվող մի նկար եւ տեսանյութ, որոնցում ներկայացված են երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապարատների՝ 2018-20թթ․ աճի ցուցանիշը, եւ այլ տվյալներ։

Возможно, это изображение (текст)

Բացի դրանից՝ ե՛ւ Փաշինյանն իր խոսքում նշեց՝ իր հայտնած տեղեկությունները գաղտնիքի էլեմենտ են պարունակում, ե՛ւ ԳՇ-ից են պատասխանել, որ մեր հայցած տեղեկություններում գաղտնիքի տարր կա։ Առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ՝ որ տեղեկությունն է համարվում գաղտնի, եւ արդյոք Փաշինյանը հրապարակել է գաղտնիք հանդիսացող տվյալներ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել