Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում
13:03 - 12 օգոստոսի, 2021

Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլը այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգությունների լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ։ Նույն ԱԺ շենքում եղել են նման խայտառակ դեպքեր, որ միանգամից հանրային և նաև իշխանությունը ստիպված է եղել արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ՝ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շենքում կանոնակարգերը խախտելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումը կլատարել են։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ այսօր ՔՊ պատգամավորներից մեկը՝ Սարգիս Խանդանյանը, իր գործընկերները՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի։

«Որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի հանել նրան, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել, և ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատվել։ Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ, ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ։ Դեռ 3, 4 տարի առաջ էր, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, ես հիշում եմ՝ ինչ մեծ բողոքի ալիք բարձրացավ՝ սկսած լրատվամիջոցներից, վերձացրած հասարակական սեկտորով, հասարակական կազմակերպություններով։ Կառույց չկար, որ դրա դեմ չխոսեր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ի վերջո՝ հետո նոր ձևավորված կառավարությունը բաց ռեժիմով էր։

Մանուկյանը նշեց, որ այսօր ԱԺ աշխատանքների լուսաբանումը ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է․ «Սահմանափակվում են լրագրողների գործունեության հիմնական այն գործիքները, որով լրագրողը կարող է իր պարտականությունները և հանրության ԱԺ գործունեությունը լիարժեք ներկայացնել։ Նայում եմ օթյակում իմ նախկին գործընկերներին ու պատկերացնում եմ՝ ինչ շատ ավելի դժվարությամբ են նրանք կարողանալու հնարավորինս հանգամանալից, տարողունակ նյութեր պատրաստել ԱԺ գործունեության, երբ զրկված են նույնիսկ տեսնել։ ԱԺ-ի՝ հանրային ծառայող համարվող պատգամավորները իրենց աշխատասենյակներում ինչով են զբաղված, միջանքներում ով, ում հետ այս կամ այն բանակցությունն է վարում, զրուցում և այլն և այլն»։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների՝ հանրային վայրերում գործունեության մասին․ «Այս մի քանի օրվա մեջ մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանելու իրավունքից, երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում Հանրային լրատվամիջոցներով ներկայացվել է ԱԺ աշխատանքը, այդ թվում՝ ամբողջ ԱԺ տարածքում հարյուրավոր զինված ծառայողների ներկայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են իր աշխատանքից։
Վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում որքան ինստիտուցիոնալ, կարևոր օրենսդրական սահմանափակումների շուրջ է եղել այդ հայտարարությունները, կպատկերացնեն, թե մի բան է ասել աննախադեպ է մամուլի ազատությունը և այլ բան իրական կյանքը»։

Ամփոփելով իր խոսքը՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ եղել է վերջին շրջանում մամուլի նկատմամաբ ֆինանսական օրենսդրական սահմանափակումների խայտառակ մի շքահանդես, որտեղ երբ նախաձեռնությունների հեղինակները խոսում են հանրային շահի մասին, իբր թե շահումով խաղեր և այլն, բայց լրագրողները հո հասկանում են, որ ենթատեքստում ուղղակի ֆինանսական, լոբբիստական գործունեության տարրեր կան էդտեղ։

Մանուկյանը նաև հիշեցրեց, որ համավարակի ընթացքում, պատերազմի ընթացքում լրագրողները, խմբագիրները զինվորի պես ենթարկվել են օրենքին։

Մանուկյանի ելույթից հետ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։

«Նախ՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք, որ պատերազմի օրերին լրատվական դաշտը պետության հետ համագործակցել է, զարմանում եմ, որ դա ներկայացվում է՝ գիտեք ինչ մեզ շնորհակալություն հայտնեք, որ պատերազմի ժամանակ ինչ ասել եք, արել ենք, բա ի՞նչ պիտի արվեր։
Մամուլի հետ կապված ելույթ եք ունենում, բայց գրում, գրում էի, մտածում էի էս թուղթը չի հերիքի, թե որքան տեղ կարելի է ձեզ հակադարձել»,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ երբևիցե ՀՀ-ում էնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել։

Այնուհետև անդրադառնալով խորհրդարանում լրագրողների սահմանափակումներին՝ Սիմոնյանը հարց ուղղեց, թե Մանուկյանը կարո՞ղ է ասել՝ որ ամենաժողովրդավար երկրներիում, բաստիոն երկրներում՝ Անգլիայում, Հունաստանում, կամ Եվրախորհրդարանում լրագրողը կարող է մտնել, դուռը բացել կամ պատգամավորին միջանցքում հետապնդել և ինչ ուզել, անել։ Աժ նախագահի խոսքով՝ դա բացառված է , չկա ոչ մի երկրում նման բան։

«Այն, ինչ դուք նկարագրում եք, աշխարհում գրեթե որևիցե տեղ գոյություն չունի։ Մի քիչ ավելի փակ երկրներում նույնիսկ շենքից ներս չեն թողնում լրագրողներին։ Էլ չեմ ասում, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը բերել է այն աստիճանի, որ ոմանք՝ նորմալ քաղաքացիներ և վերլուծաբաններ դա համեմատում են լկտիության հետ։ Այսինքն՝ որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությանը լկտիության հետ»,- ընդգծեց նա։

Ամփոփելով ելույթը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է․ «Լրագրողները հնարավորություն են ունենալու Ձեր ասած պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալու են շենք, բայց չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե՛ լրագրողի, թե՛ պատգամավորի նկատմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել