Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու․ Նիկոլ Փաշինյան
11:31 - 12 օգոստոսի, 2021

Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հուլիսի 29-ին ես ուրվագծել եմ ՀՀ կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունության և խաղաղություն հաստատելու քայլերի մասին։ Ինչպես նաև ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը։ Հուլիսի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ ,մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։

ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողությունների և հայտարարություններին զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումը առանցքային նշանակություն ունի բանակցային մթնոլորտ ձևավորելու համար։ Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադրի ռեժիմի խախտումներ նախաձեռնողի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ՝ հրադադրի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա կայունացման համար։ Այսուհանդերձ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։ Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԼ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը։

Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչի՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույյն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։

Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն, մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անելո օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինել հետևյալը՝ գնալ լուծումների։

Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, և կարծում եմ՝ պետք է օր առաջ սկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում, և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։

Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և կարծում ենք՝ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան։

Թշնամության և թշնամանքի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգշում եմ ցույց տալու, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը։ Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակագի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

ՀՀ-ն համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել ՀՀ մտադրությունները՝ ասելով՝ ՀՀ-ն ԶՈՒ բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականության վարելու համատեքստում։

ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի կայունությունը մեր  երկարատև ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել