Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը
15:55 - 11 օգոստոսի, 2021

Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններին, ասաց․ 

«Տիկին Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր- խմբ․) որպես այն փառահեղ բանակցային ժառանգության առհավատչյա, որը Սերժ Սարգսյանը թողել է մեզ, մեջբերում է Ալիևի խոսքերն առ այն, թե նրան փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախը։ Ես նախընտրում եմ վկայակոչել Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Ապրիլյան պատերազմից հետո (իր հարցազրույցում նա այս մասին բաց տեքստով խոսել է) ևս մի զիջում է արել՝ հանրաքվեի հարցի սահմանափակ կամ ոչ սահմանափակ լինելու մասով։ Մասնավորապես, նա ասել է, իր խոսքերն են, որ քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չէր տալիս հարցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են լինել անկախ, թե՞ ոչ, ինքը համաձայնել է այս հարցը դուրս թողնել փաթեթից և ստորագրել այլ փաստաթուղթ։ Այպիսի հոյակապ ժառանգություն եք դուք մեզ թողել»։

ԱԺ նիստի ընթացքում Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պնդելով, որ Կարապետյանը ոչ ամբողջական է մեջբերել Սերժ Սարգսյանի խոսքերը։

«Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը երեք իրարից անբաժանելի փաստաթղթերի մասին է՝ երկու երկրների միջև, Մինսկի խմբի համանախագահների միջև հայտարարություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի մակարդակ և Հայաստանի համար շատ կարևոր կետերի բարձրաձայնումներ»,- ասաց Մամիջանյանը։

Մարիա Կարապետյանն իր ելույթում խոսում էր Սերժ Սարգսյանի՝ այս տարվա փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կարգավորման փաթեթային և փուլային տարբերակներին, Մադրիդյան սկզբունքներին և Կազանյան փաստաթղթին։

Սարգսյանի խոսքով՝ ինքը պատրաստ էր ստորագրել հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ, որը ենթադրում էր 7 կամ 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին (կախված նրանից՝ կարգավորումը լինելու էր փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակով)՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես էր լուծվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի կարգավիճակի հարցը՝ Սարգսյանը նշել էր․ «Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ, և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա»։

Սարգսյանը, փաստորեն, հարցազրույցում իրոք ասել է, որ համաձայնել է Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթից հանել կետը, որով հանրաքվեի «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում»․ սա այսօրվա իր ելույթում արձանագրեց նաև Մարիա Կարապետյանը։  

Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերեց միայն մի հատված՝ բաց թողնելով այն մասը, որտեղ Սարգսյանը պնդում է, թե Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթում բացակայող հատվածը լինելու է համանախագահ երկրների հայտարարությունում, որի հիման վրա էլ ընդունվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։

Հիշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշում է․ «Այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք, իբր, պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան»։ 

Ամփոփելով՝ նշենք, որ Մարիա Կարապետյանը Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրքավեին վերաբերող խոսքերը ներկայացնում է ոչ ամբողջական՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե Սարգսյանը համաձայնել է համաձայնագրից ամբողջովին հանել հանրաքվեի օրակարգի սահմանափակ լինել/չլինելու հարցը, մինչդեռ այդ հարցն, ըստ Սարգսյանի, պետք է ներառվեր համանախագահների հայտարարության մեջ, ոչ թե առհասարակ չլիներ։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել