Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան
14:19 - 11 օգոստոսի, 2021

Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր բովանդակային քննարկումները հաճախ ընդմիջվում են նմանատիպ դրսևորումներով, և ես առաջին հերթին կոչ եմ անում մեր՝ ՔՊ կուսակցության մեր գործընկերներին, որևէ պարագայում չտրվել այն սադրանքներին, որոնք հաճախ հնչում են դահլիճի մյուս կողմից»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած իրարանցմանը։

ՔՊ խմբակցության պատգամավորն այս համատեքստում արձանագրեց, որ իր մոտ դիսոնանս է առաջացնում ընդդիմադիր ուժերի մեջ այն ներքին հակասությունը, որն, ըստ Աղաջանյանի, անզեն աչքով էլ տեսանելի է․

«Որովհետև անկեղծորեն ես չեմ հասկանում ու չեմ հավատում, որ «Հայաստան» դաշինքի  որոշ գործընկերների համար ընդունելի են իրենց իսկ խմբակցության այլ գործընկերների դիրքորոշումները, պահվածքը և խոսույթը, որովհետև տարբերությունը շատ մեծ է ,և այդ դիսոնանսը, կարծում եմ, բոլորիս մոտ առկա է»,- ասաց նա։

Ապա, անցնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրման վերաբերյալ իրեն ուղղված հարցերին, Աղաջանյանը նախ խոսեց Արցախի հիմնահարցի վերաբերյալ բանակցություններին, որի մասին խոսել էր «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամայնը․

«Այս հարցի շուրջ, կարծում եմ, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ մեր ռուս գործընկերները արտահայտել են իրենց դիրքորոշումը առ այն, որ նպատակահարմար է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի  շրջանակներում։ Պարոն Աբրահամյան, Դուք նաև խոսեցիք հետհեղափոխական կառուցողական բանակցությունների ֆոնին այն ռազմական զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել, ըստ էության արձանագրելով, որ այդ թվացյալ կառուցողական բանակցությունների հետևում կոնկրետ ռազմական գործընթանցներ են տեղի ունեցել։ Այս ինֆորմացիան ինձ համար նորություն է, և չգիտեմ Դուք այն որտեղից եք ստացել, կխնդրեմ հնարավորության դեպքում նաև իրավապահ մարմիններին հաղորդեք այդ ինֆորմացիան, կամ Պաշտպանության նախարարությանը, որովհետև, կարծում եմ, որ այդտեղ հանցավոր անգործության դեպքեր կան»։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություններին՝ Աղաջանյանն ընթերցեց իրենց ծրագրի այդ հատվածը․

«Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես ՀՀ և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։ Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։ Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը՝ վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով ներպետական շահերով և հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության հրամայականով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել