Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետը ընդունել է Ստանսիլավ Զասին
21:52 - 10 օգոստոսի, 2021

Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետը ընդունել է Ստանսիլավ Զասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը  պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք կազմակերպությունում մեր նախագահությանը՝ կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով:

Կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք հիմա հայտնվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, պետք է պատվով հաղթահարենք և լուծենք խնդիրները: Իհարկե, ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով: Իհարկե, այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց, առաջին հերթին, դա նաև կանոնադրությամբ և այլ նորմատիվ փաստաթղթերով է նախատեսված, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի իրավիճակները, տարաձայնությունները և մարտահրավերները, որոնք հայտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, լուծել քաղաքական մեթոդներով: Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ:

Դուք գիտեք, որ, ցավոք, արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան։

Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան: Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:

Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով կառուցողական է: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, հավատարիմ է այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ֆիքսված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում: Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի, իսկապես, սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել: Հույս ունեմ և համոզված եմ, որ իրոք կան հնարավորություններ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակը, որն ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում, լուծվի քաղաքական մեթոդներով: Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված: Սա այն հարցն է, որի հետ կապված պետք է կոնկրետ որոշումներ կայացնել և աշխատել կոնկրետ մեխանիզմների վրա»: Վարչապետը հավելել է, որ ունեն քննարկման շատ թեմաներ  և վստահություն հայտնել, որ կհաջողվի բոլոր հարցերը քննարկել ու կոնկերտ եզրահանգումների հանգել:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել