Կառավարությունն անպատասխան է թողել COVID-19-ի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերը, ինչի պատճառով կառավարության գործողությունների գնահատումն անհնար է դարձել
15:42 - 31 հուլիսի, 2021

Կառավարությունն անպատասխան է թողել COVID-19-ի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերը, ինչի պատճառով կառավարության գործողությունների գնահատումն անհնար է դարձել

Կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստացած տեղեկությունները լինելու են Ազգային ժողովի՝ որպես ինստիտուցիոնալ մարմնի տրամադրության տակ և կարող են օգտագործվել հաջորդ գումարման ԱԺ-ի կողմից, ինչպես նաև համապատասխան քննիչ հանձնաժողովի կողմից՝ այդպիսին ստեղծվելու պարագայում։ 

Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից։ 

Հարցման պատասխանի համաձայն՝ Կառավարությունը քննիչ հանձնաժողովի կողմից ուղղված որոշ հարցումների չի պատասխանել, ինչը հանգեցրել է կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետության գնահատման անհնարինությանը․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննիչ հանձնաժողովի հիմնական գործունեությունը  համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետության գնահատումն է, քննիչ հանձնաժողովի կողմից Կառավարությանը և համապատասխան պետական մարմիններին ուղարկվել են հարցումներ։  Այդ թվում՝ Կառավարությանն ուղարկվել է  256 հարցերից բաղկացած 2 հարցաշար, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 2, ՀՀ Սննդամթերքի տեսչական մարմնին՝ 2, ՀՀ Համահայկական հիմնադրամին՝ 4, Մարդու իրավունքի պաշտպանին՝  44, ՀՀ Գլխավոր դատախազին՝ 4, ՀՀ Կենտրոնական բանկին՝ 8, ՀՀ Պետական վերահսկողական  ծառայությանը՝ 1,  ՀՀ Հաշվեքննիչ պալատին՝ 1 հարց։ Վերոնշյալ հարցերին պատասխանելու համար Կառավարությունը խնդրել է ողջամիտ ժամանակ տրամադրել՝ մինչև այս տարվա մարտի 30-ը, սակայն  հարցերը մնացել են անպատասխան։ Թեև առանձին մարմիններից ստացվել են որոշ հարցերի կամ դրանց առանձին հատվածներին վերաբերող որոշ պատասխաններ, այդուհանդերձ, ուղարկված հարցերի` Կառավարության կողմից անպատասխան մնալը (չնայած Ազգային ժողովի որոշմամբ քննիչ հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվել է մինչև այս տարվա մարտի 24-ը վեց ամիս ժամկետով) հանգեցրել է քննիչ հանձնաժողովի կողմից համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետության գնահատման անհնարինությանը»։ 

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարվա հուլիսի 2-ին՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ։ Քննիչ հանձնաժողովի կազմը, սակայն, հաստատվել էր միայն 2021-ի հունվարի 12-ին, իսկ առաջին նիստը տեղի էր ունեցել հունվարի 25-ին։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովն անցկացրել էր չորս նիստ, որոնցից մեկն՝ արտահերթ։

Քննիչ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է։ Հանձնաժողովը բաղկացած է 12 պատգամավորից, որոնցից 8-ը՝ «Իմ քայլ»-ից, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել