Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան
20:27 - 30 հուլիսի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Թե օրվա կառավարությունն ինչպես է եկել եզրահանգման, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցն իմաստ ունի դիտարկել, անհասկանալի է, քանի որ երկարաժամկետ առումով դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն, երբ քո բոլոր սահմաններն, ըստ էության, ինչ-որ ուժային կենտրոն է վերահսկում, ոչ թե դու, երբ դու այդ աստիճան կախված ես լինում մեկ ուժային կենտրոնից։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը դիտարկելու մասին երեկ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։ Նա կարծիք էր հայտնել, որ դա հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ 

Արեք Քոչինյանի դիտարկմամբ՝ սահմանապահներ կարող են կանգնել հստակ ճշտված սահմանի երկայնքով, այսինքն՝ այն պահից սկսած, երբ որեւէ գծով կանգնեն ռուս սահմանապահները, դա հետագայում դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը, իսկ Ադրբեջանն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, այս փուլում հետ չի քաշվելու այն հատվածներից, որտեղ խորացել է․ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածների մասին է, այլ նաեւ այլ տարածքների, որտեղ հակառակորդն առաջ է եկել դեռ 90-ականներին․ «Եթե հիմա այդ երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները, դա դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը»,- ընդգծեց փորձագետը։

Փաշինյանի հայտարարությունից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար։ Նա, ըստ էության, չէր արձագանքել սահմանապահների տեղակայման վերաբերյալ Փաշինյանի դիտարկմանը։ Չէր արձագանքել նաեւ Հայաստանի ղեկավարի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող է լինել Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը, իսկ նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում, Փաշինյանի խոսքով, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը։

ՌԴ-ից այս ելույթներին չարձագանքելն, ըստ Արեգ Քոչինյանի, նշանակում է, որ այդ սահմանապահների տեղակայումը գին ունի, որը ՌԴ-ն ակնկալում է մեզնից եւ դեռ չի ստացել երաշխիքներ, որ մենք պատրաստ ենք այն վճարել։ Անդրադառնալով ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության հնարավոր տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, մեր զրուցակիցն ասաց․

«Բանն այն է, որ երբ ասում ենք ՀԱՊԿ, նկատի ունենք Ռուսաստան, որովհետեւ անգամ այդ մոնիթորինգային խմբավորման մասին խոսելիս մի քիչ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Ղազախստանից, Ղրղզստանից կամ Բելառուսից այստեղ ինչ-որ կոնտինգենտ է բացազատվելու մոնիթորինգ անելու համար։ Դա լավագույն դեպքում կարող է լինել ռուսական մոնիթորինգային խումբ՝ գուցե ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ Նաեւ էական է վարչապետի ասածի շարունակությունը, որ եթե նման առաքելություն իրականացնելու անհնարինություն լինի, կարող են դիտարկվել նաեւ միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սա, ըստ էության, մեր՝ ՀԱՊԿ-ի առջեւ ունեցած պարտավորությունների վերջնական արձանագրումն է եւ դրանց իրականացումը․ «Այսինքն՝ մենք առաջինը դիմում ենք ՀԱՊԿ-ին, ու եթե անգամ այս հարցում որեւէ աջակցություն չենք ստանում, դա արդեն իսկ նշանակում է, որ այդ պահից սկսած ազատ ենք ՀԱՊԿ-ից դուրս որեւէ աջակցություն փնտրելու գործում»։

Թե ինչ հնարավոր աջակցության մասին կարող է խոսք լինել, Քոչինյանի գնահատմամբ, փոքր ինչ բարդ հարց է, որովհետեւ դրան պատասխանելու համար անհրաժեշտ է տիրապետել դիվանագիտական այն խողովակներին ու քննարկումներին, որոնք, ինչպես հույս է հայտնում փորձագետը, այս ընթացքում եղել են․

«Այդ բանակցություններն, առաջին հերթին, պետք է որ ընթանային Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ընդ որում՝ գոյություն ունեցող երաշխիքներին, որ տվել է ռուսական կողմը, երբ այստեղ բացազատվել է, իրականում ի վիճակի է փոխարինել բացառապես Միացյալ Նահանգները։ Քանի որ երբ ասում ենք փոխարինել, նկատի ունենք, օրինակ, դա անել ժամերի ընթացքում։ Հիմա ԱՄՆ-ն այն երկիրն է, որն իրեն կարող է նման բան թույլ տալ թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքականորեն։ Իսկ, օրինակ, Ֆրանսիայի դեպքում մի փոքր կասկածելի է, մի տարվա ընթացքում դա իրականացնելը պատկերացնելի է, բայց մենք չունենք այդ մեկ տարվա հնարավորությունը։ Եթե այդ երաշխիքները տրվում են մեզ, ապա դրանք պետք է իրականանալի լինեն ժամերի ընթացքում»։

Իսկ եթե դիտարկում ենք Մինսկի խմբի համանախագահությունից զատ, ապա, մեր զրուցակցի խոսքով, հնարավոր տարբերակ է նաեւ Չինաստանի աջակցությամբ Իրանը․ «Բայց այստեղ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է կատարված լինի մինչեւ այս պահը եւ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է շարունակել անել, որովհետեւ այդ գաղափարն այս պահին շատ հում է»։

Արեգ Քոչինյանը համակարծիք է, որ մեր ունեցած ժամանակը քիչ է, իսկ Ադրբեջանը, բնականաբար, շարունակելու է սադրանքները՝ իր նպատակներին հասնելու համար․ «Ասեմ ավելին, Ադրբեջանն իր խնդիրները լուծելու համար ոչ միայն սադրանքների է պատրաստ, այլ, չեմ բացառում, պատրաստ է նաեւ պատերազմի։ Իսկ սադրանքները միայն ավելանալու են ու ուժեղանալու։ Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը․ Ադրբեջանն ուզում է 44-օրյա պատերազմում իր գրանցած արդյունքների լեգիտիմիզացիա, ուզում է թուղթ, ուզում է՝ հայկական կողմը ստորագրի այդ թուղթը, որը պետք է պարունակի մինիմում դելիմիտացիա, դեմարկացիա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախն էլ հետը, իսկ մաքսիմում՝ անկլավները, միջանցքը եւ այլն»,- ասաց փորձագետը՝ նկատելով՝ մենք սրան դեռեւս դիմադրում ենք։ Նրա համոզմամբ՝ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սա ուզում է, խնդիրն այն է, որ սրանում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, եւ որ առնվազն կա թողտվություն Ռուսաստանից, եթե ոչ աջակցություն։

Իսկ ի՞նչը պետք է լինի մեր անելիքը․ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այս փուլում մեր անելիքը պետք է լինի իրավիճակի սառեցումը, այսինքն՝ մենք պետք է հասնենք նրան, որ ոչինչ չստորագրենք․ «Իսկ այս եռակողմ բանակցությունների ֆորմատը՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, պետք է վերացվի։ Մենք պետք է վերադառնանք Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին ու մեր արեւմտյան գործընկերներից մեր առաջնային ակնկալիքը, որն իրականում շատ իրատեսական է, բավականաչափ քաղաքական, նաեւ տնտեսական ճնշումն է Ադրբեջանի, եթե պետք է՝ նաեւ Ռուսաստանի վրա, որպեսզի վերսկսվեն բանակցությունները ՄԽ համանախագահության բանաձեւով։ Եթե աջակցության այդ ձեւն այս պահին այնքան էլ իրատեսական չէ, ապա գոնե ՄԽ համանախագահության բանաձեւի վերականգնումը բավարար ճնշման պարագայում լրիվ իրատեսական է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փուլում դա կտա այն սառեցումը, որը մեզ պետք է եւ որը ժամանակ կտա մեզ՝ այլ ձեւաչափերում անվտանգային նոր երաշխիքներ ստանալու ֆորմատների վրա աշխատելու։

Վերադառնալով դեմարկացիային եւ դելիմիտացիային՝ Քոչինյանն ասաց, որ այդ գործընթացն անելու համար պետք է հասկանալ, թե մենք ինչի վրա ենք հենվում․ եթե հենվում ենք խորհրդային այս կամ այն տարվա որոշակի պատկան մարմինների որոշումների վրա, ապա կան որոշումներ, որոնք մեզ են շահեկան, որոշումներ, որոնք հակառակորդին են շահեկան․

«Այստեղ, ըստ էության, ամենաարդարացի լուծումը երկու կողմերի համար կարող է լինել միջազգային դիտորդական կամ մոնիթորինգային, կամ, այսպես ասած, իրավարար վճիռ տալու ունակ որեւէ մարմնի ստեղծումը, որի մասնակցությամբ փոխզիջումային տարբերակով տեղի կունենան դեմարկացիան ու դելիմիտացիան։ Երկրորդը՝ այդ գործընթացները որեւէ կապ չպիտի ունենան Արցախի հիմնահարցի հետ եւ Արցախի ու Լաչինի կարգավիճակին դրանք որեւէ կերպ չպիտի անդրադառնան, այսինքն՝ այդ գործընթացը վերաբերելի պիտի լինի բացառապես ՀՀ եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտմանը, եւ երրորդը՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է արվեն ավելի ուշ, որովհետեւ, երբ պատերազմում պարտված կողմ ես, ընդ որոււմ՝ պարտված այնպես, որ քեզ ուղղակի մեջքի վրա պառկեցրել են, բնական է, որ դու զիջելու ես, զիջելու ես այնքան, ինչքան դիմացինն ուզի, դրա համար մեզ պետք է ժամանակ ձգել, մեր ԶՈՒ-երը կարգի բերել, նոր խոսել այդ գործընթացների մասին»,- ասաց փորձագետը՝ շեշտելով՝ դրանք պիտի լինեն շատ լուրջ միջազգային ատյանի վերահսկողության ներքո, պետք է բացառվի ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, պետք է տեղի ունենա դեէսկալացիա, տեխնիկան պետք է հետ քաշվի սահմաններից, գործընթացը լինի հանգիստ․ «Հիմա զենքի սպառնալիքի տակ արված դեմարկացիան ու դելիմիտացիան մեզ համար պատուհաս են, որովհետեւ որեւէ կերպ չեն կարող բխել մեր շահերից»։

Անդրադառնալով գլոբալ փոխահարբերություններին՝ փորձագետը նկատեց՝ տեղի է ունենում ռուս-թուրքական պայմանավորվածություն՝ տարածաշրջանի վերաբաժանման վերաբերյալ։ Վերաբաժանում, որը տարածաշրջանը բերելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական շրջանակների միջեւ բաժանման եւ այստեղից դուրս է մղելու արեւմուտքը․

«Բնական է, որ արեւմուտքը դրա հետ չի կարող համակերպվել, բայց այստեղ մի քանի հարց կա․ արդյոք այս տարածաշրջանն այնքան կարեւո՞ր է արեւմուտքի համար, որ վերջինը հանուն այս տարածաշրջանի գնա այնպիսի լուրջ քայլերի, ինչպիսին այստեղ կոնտինգենտի բացազատումն ու երաշխքիների տրամադրումն է, թե՞, օրինակ, դիվանագիտական ճնշման մակարդակի կարեւորություն ունի։ Ըստ իս՝ երկրորդն է, բայց դա էլ այն ոլորտն է, որտեղ ժամանակ է պետք»,- ասաց մեր զրուցակիցն ու ամփոփելով նշեց՝ մեզ պետք է ամեն ինչ անել՝ ժամանակ ձգելու համար, թույլ չտալու, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, իսկ զուգահեռ վարել ակտիվ բանակցություններ, ակտիվ աշխատել մեր արեւմտյան գործընկերների հետ, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն եւ սկսվեն ՄԽ համանախագահության վերագործարկմամբ ու այդ մարմնի շրջանակներում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել