Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
18:36 - 30 հուլիսի,2021

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել էր, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնությանը ու ծավալաների ընդլայնմանը։ «Օրենքի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից»։

Նա հավելել էր, որ պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ «Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք կառավարության կողմից համապատասխան կարգերի միջոցով կարգավորել նաև մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունված, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, և համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը»։

Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել