Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի համաձայն` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։
Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նախագծում գրված է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:
Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել էր այսօր։
comment.count (0)