Խիստ պատժաչափեր` հանրային անձին հայհոյելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|
13:56 - 30 հուլիսի, 2021

Խիստ պատժաչափեր` հանրային անձին հայհոյելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում տուգանքով պատժել:

Ըստ նախագծի` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նշվում է նաև, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նախագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ում խոսքով պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքն ու անձի արժանապատվությունը վիրավորելը:

«Որևէ մեկի համար բացահայտում չեմ անի, եթե ասեմ հայհոյանքը կա, եղել ու մնալու է պատժելի մեր  հասարակությունում, այլ հարց է պետությունն այդ հարցում քաղաքացուն մենակ է թողնելու թե օրենքով է սահմանելու պատասխանատվությունը»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի`այժմ ավելի խնդրահարույց է դարձել այս իրավիճակը, քանի որ հեռավար եղանակով հայհոյանք հասցնելը շատ ավելի վտանգավոր է դարձել` դառնալով հետագա քրեածին վարքագծի ձևավորման պատճառ:

Վարդանյանի համոզմամբ` նախագծի նպատակը ոչ այնքան պատասխանատվության ենթարկելու համար է, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և վերանա  հայ հասարակությունից:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պետք է նախագծում ընդգծվեր որ պատգամավորին, կառավարության անդամին հայհոյանք հասցնելը պետք է քրեականացվի: Նա հիշեցրեց, որ որոշակի մասնագիտությունների դեպքում, ինչպես` փաստաբան, դատավոր, կա նման դրույթ, ստացվում է` պատգամավորները պաշտպանված չեն հայհոյանքներից:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց` յուրաքանչյուր անձի արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի, ուստի իրենք դեմ են տարբերակված մոտեցմանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել