ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո |armenpress.am|
13:51 - 30 հուլիսի, 2021

ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:

«Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է, և այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում», - ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ ինքը կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից:

Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել:

«Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, ես կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից», - հայտարարել է Փոլ Գավանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել