Փոխհրաձգություն տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել․ Գնել Սանոսյան
13:00 - 29 հուլիսի, 2021

Փոխհրաձգություն տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել․ Գնել Սանոսյան

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին, այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշերը թեժ մարտեր էին ընթացել։ Մեկ վիրավոր ունենք, վիրահատել են, նորմալ է ամեն ինչ։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը։

Անդրադառնալով Սոթքի հանքից աշխատակիցների տարհանմանը, Սանոսյանն ասաց, որ աշխատակիցները տարհանվել են և տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել անվտանգության նկատառումներից ելնելով։ «Երբ անվտանգության խնդիր չի լինի, նորից կսկսեն աշխատել»։

Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածների բնակիչները զրկվել են արոտավայրերից, Սանոսյանն ասաց․ «Կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություն կա, ինչը բերում է նրան, որ սահմանափակվել է որոշ համայնքներում արոտավայրերի չափը։ Նաև այս տարի ոչ միայն մեզ մոտ, ամբողջ հանրապետությունում կա խոտի պակաս, որը ենթադրում է, որ մենք ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ։ Մենք որոշ տեղերում կորպուսի հետ համագործակցված կազմակերպել ենք որոշակի լրացուցիչ ուժեր է դրել բանակային կորպուսը և այն վայրերում, որտեղ ենթադրվում է, որ կարող է անվտանգ չլինել, բնակիչներին աջակցել են, որպեսզի նրանք և՛ անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, և՛ խոտի հավաքման պրոցես։ Պարբերաբար նախապես պայմանավորվում ենք, բանակային կորպուսը աջակցում է»։

Անդրադառնալով  Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին, Սանոսյանն ասաց․ «Անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների մոտ, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Խուճապ չկա, հակառակը, երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում են, այցելում են զինվորներին, օգնություն են առաջարկում։ Այնպես որ թող բոլորը իմանան՝ մեր բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա, և որևէ տեղ տեղափոխվելու կարիք չունեն»։

Նա նաև նշեց, որ այդ տարածքներում ռուս սահմանապահներ չեն տեղակայվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել