ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել
23:16 - 27 հուլիսի, 2021

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք են տրամադրել

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Նոր և ժամանակակից ռենտգեն սարքը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով ավելի բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքերի` թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Բացի այդ, թվային ռենտգեն սարքերը հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանելու, փնտրելու և բարձրորակ պատկերներ ուղարկելու, ինչպես նաև հիվանդության ընթացքին հեշտությամբ հետևելու։ 

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ ժամանակակից ռենտգեն սարքով վերազինված ռադիոլոգիայի կաբինետի բացմանը։

«COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահության համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատուցումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին»,- նշել է Անդրեա Վիկտորինը:

«Կարծում եմ` սա իսկապես շատ կարևոր ներդրում Է բնակչության առողջության բարելավման ուղղությամբ: Ինչպես տեսնում եք, երկար տարիների գործընկերների հետ մեր ջանքերը շարունակական են և ուղղված են լինելու մարզային բժշկական կենտրոններում բուժօգնության որակը լավագույնին հասցնելուն»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

«ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համավարակի հենց սկզբից Հայաստանի կողքին են՝ տրամադրելով անմիջական աջակցություն բուժաշխատողներին և առաջնային բուժանձնակազմին, ինչպես նաև նպաստելով առողջապահության համակարգի հզորացմանը։ Նույնիսկ համավարակի ավարտից հետո տրամադրված սարքավորումը կշարունակի օգտագործվել հօգուտ Հայաստանի քաղաքացիների»,- ավելացրել է Ջենիֆեր Քոլինսը։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել