Առողջապահության նախարարության ծրագրով հեպատիտ C-ի բուժման համար 1000 պացիենտի կտրամադրվի անվճար դեղորայք |armenpress.am|
17:09 - 27 հուլիսի, 2021

Առողջապահության նախարարության ծրագրով հեպատիտ C-ի բուժման համար 1000 պացիենտի կտրամադրվի անվճար դեղորայք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է ՀՀ-ում հեպատիտների վերահսկման և կանխարգելման ազգային ծրագիրը, որով ներդրվել է պացիենտների վաղ հայտնաբերման մեխանիզմ: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ  2020 թվականին հանրապետությունում արձանագրվել է հեպատիտների 1244 դեպք, որից 85 տոկոսի դեպքում հիվանդությունը եղել է անախտանիշ: Այսինքն՝ քաղաքացին չի իմացել հիվանդության մասին: 

«Հեպատիտները հիմնականում ընթանում են առանց ախտանիշների և, ցավոք մարդը, չիմանալով հիվանդության մասին, չի դիմում բժշկական կազմակերպություն: Հիվանդությունը հայտնաբերվում է շատ ուշ, երբ ունենում են լյարդի ցեռոզ կամ լյարդի առաջնային քաղցկեղ: Հայաստանում վերջին 5 տարիների համաճարակային իրավիճակը հետևյալն է: Մենք ունենք հեպատիտ C-ի և հեպատիտ B-ի նվազում: Հեպատիտ C-ի նվազումը կազմում է 9 անգամ, հեպատիտ B-ինը՝ 6 անգամ: Ասեմ, որ  0-14 տարեկան երեխաների շրջանում չունենք հեպատիտ B, ինչը պայմանավորված է 1999 թվականից հեպատիտ B-ի դեմ պատվաստումների գործընթացով»,-ասաց նա:

Առողջապահության նախարարությունը, ևս մեկ քայլ առաջ գնալով, ազգային ծրագրով նախատեսել է տարեկան 1000 պացիենտի հեպատիտ C-ի բուժում՝ անվճար դեղորայքով: ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Նարինա Սարգսյանցը նշեց, որ աստիճանաբար ծրագրի շրջանակում բուժվողների թիվը պետք է ավելացնել:

«Ծրագրի մեկնարկը տրվել է 2020 թվականի սեպտեմբերից: Այն ենթադրում է դեղերի՝ ուղիղ ազդեցության հակավիրուսային պրեպառատների անվճար տրամադրում: Ներկայում անվճար տրամադրվում են այն պացիենտներին, որոնց առաջնահերթ է պետք բուժել, սակայն մոտակա օրերին նախատեսում ենք ընդլայնել ու բուժել հեպատիտ C ունեցող բոլոր պացիենտներին: Պարզապես մենք պետք է ունենանք հստակ ախտորոշում»,-ասաց  Նարինե Սարգսյանցը: Արդեն 446 պացիենտ օգտվել է այս ծրագրից:

Մինչ այս գործընթացն ազգային ծրագրում ընդգրկելը, Հայաստանում այդ ուղղությամբ փորձնական ծրագիր է իրականացվել: Վրաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է համապատասխան դեղորայք: «Հայկական լյարդաբանական ասոցիացիա»-ի նախագահ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի հեպատոլոգիական կլինիկայի ղեկավար Հասմիկ Ղազինյանը նշեց, որ այդ ծրագրի արդյունքները բավական դրական են եղել, գրանցվել է հեպատիտ C-ից առողջացում բուժվածների 97 տոկոսի մոտ:

 «Վիրուսային հեպատիտիներն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ խնդիրներից է, այն լուրջ մարտահրավեր է, հատկապես պանդեմիայի ժամանակահատվածում: Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու, իրազեկելու հասարակությանը: Ցավոք, վիրուսային հեպատիտներով ինֆեկցվածների միայն 10 տոկոսն է իրազեկված»,-ասաց Հասմիկ Ղազինյանը:

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովին մասնագետները կամփոփեն ձեռք բերված արդյունքները և կհստակեցնեն անելիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել