2017-ի մարտին և 2018-ի ապրիլին Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից։
2017-ին «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ ստորագրած շրջանակային համաձայնագրի արժեքը 1 800 000 դրամ է։ Վայքի համայնքապետարանն այս համաձայնագրով ընկերությունից ձեռք է բերել սեղմված բնական գազ։
Համայնքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցած միակ ընկերությունը «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ն է, որն էլ հաղթել էր մրցույթում։
2018-ին ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արժեքը 1 799 900 դրամ է։ Այս պայմանագրով ևս ընկերությունից ձեռք է բերվել սեղմված բնական գազ։ Երկրորդ գնումն իրականացվել է գնանշման հարցում ընթացակարգով, որը գնման ոչ մրցութային ընթացակարգ է։
Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի տվյալների՝ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերը և գործադիր տնօրենը Սարգիս Սիմոնի Ավետյանն է։ Մինչև 2006 թվականը ընկերության բաժնետեր է եղել նաև Սամվել Ավետյանը։
Ե՛վ Սարգիս Ավետյանը և՛ Սամվել Ավետյանը գրանցված են Վայք քաղաքում։
2016-ից Վայքի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է Թարո Սիմոնի Ավետյանը։ Թարո Սիմոնի Ավետյանը և Սարգիս Սիմոնի Ավետյանը հարազատ եղբայրներ են։
Սամվել Ավետյանը, որը եղել է ընկերության բաժնետեր, Թարո և Սարգիս Ավետյանների հարազատ եղբայրը չէ, բայց, ամենայն հավանականությամբ, վերջիններիս հետ ազգակցական կապ ունի։
Այսպիսով, Վայքի համայնքապետարանը երկու անգամ ավելի քան մեկ միլիոն դրամի պետական գնում է իրականացրել մի ընկերությունից, որի տնօրենն ու 100% բաժնեմասերի սեփականատերը համայնքապետ Թարո Ավետյանի հարազատ եղբայրն է։
Gnumner.am հարթակից տեղեկանում ենք, որ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից գնում է իրականացրել նաև «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կամզակերպությունը (ՀՈԱԿ)։
Ավելին, gnumner.am կայքում հրապարակված մեկ այլ պայմանագրից տեղեկանում ենք, որ նույն ՀՈԱԿ-ը գնում է իրականացրել «Վարդան Սարգիսի Ավետյան» անհատ ձեռներեցից։ Վարդան Ավետյանը Վայքի համայքնապետ Թարո Ավետյանի եղբոր և «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Ավետյանի որդին է։
Դեռևս 2019-ին Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացրել Վայքի համայնքապետարանում և հայտնաբերել 80 մլն դրամի խախտումներ։ Ի թիվս այլնի՝ ՊՎԾ-ն պարզել էր, որ համայնքապետարանը կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել էր դատախազություն։
ՀՀ գլխավոր դատախազությունից, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՊՎԾ-ի տեղեկանքը:
«Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 25.02.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ Վայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթղթերի կազմմամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ 4 422 740 ՀՀ դրամ վատնելու դեպքի առթիվ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, և կատարվում է նախաքննություն: Որևէ անձ քրեական գործով չունի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ»,- ասված է դատախազության պատասխանում։
Համաձայն դատախազության փոխանցած տեղեկությունների՝ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քրեական գործով վերականգնված վնասի չափը կազմում է 1 832 371 ՀՀ դրամ:
Այսպիսով, չենք կարող ասել՝ արդյոք ՊՎԾ-ն ուսումնասիրե՞լ է Վայքի համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից իրականացված գնումները, թե՞ ոչ։
Քանի որ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, պարզ չէ նաև այն, թե կոնկրետ ինչ խախտումների համար է քրեական գործ հարուցվել, և հասցված ինչ վնասների վերականգնման մասին է խոսքը։
Աննա Սահակյան
comment.count (0)