Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը  |tert.am|
13:08 - 25 հուլիսի, 2021

Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը |tert.am|

tert.am: Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի կիրառումն ընդլայնելու և բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրինագիծը, որում սենատորները որոշ փոփոխություններ են արել:

Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն, օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 խորհրդարանական, դեմ՝ 123-ը: Կիրակի օրվա երկրորդ կեսին օրինագիծը պետք է վերանայի խորհրդարանական խառը հանձնաժողովը: Փաստաթուղթը երկու օր առաջ ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը):

Բուժանձնակազմի, հրշեջների և տարեցներին խնամող անձանց շրջանում պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը ենթադրում է սանիտարական անցաթղթերի կիրառում, որը կարող է լինել կա՛մ պատվաստման մասին վկայագիր, կա՛մ  կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կա՛մ հիվանդությունը հաղթահարելու մասին տեղեկագիր:

Այս անցաթուղթն անհրաժեշտ կլինի սրճարաններ, ռեստորաններ, բուժհաստատություն, ինքնաթիռ և գնացք մտնելու համար: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգստոսի սկզբից:

Սենատորների կատարած փոփոխության արդյունքում անցաթուղթ պահանջող վայրերի ցանկից բացառվել են բացօթյա սրճարանները:

Փաստաթուղթը մշակվել է կառավարության կողմից՝ հուլիսի 12-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից արդյունքում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել