Զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ |1lurer.am|
18:58 - 24 հուլիսի, 2021

Զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ |1lurer.am|

1lurer.am: Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի խոսքով՝ զինծառայողն առավոտյան տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Սահակ Օհանյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ) - Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Արդեն Երևանում կատարվել են մի շարք հետազոտություններ՝ ռազմաբժշկական վարչության պետի ու կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարի գլխավորությամբ: Նրանք խոսել են նաև զինծառայողի հարազատների հետ՝ ասել, վիճակը ծանր է, բայց կայուն: Բժիշկները հուսով են՝ առաջիկա օրերին Արման Աթեսյանի առողջական վիճակը կբարելավվի: Փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի և Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է:

Սահակ Օհանյան - Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան:

Իսկ ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել, երբ մեկը ծայրահեղ ծանր է, գնդապետ Օհանյանը պարզաբանեց:

Սահակ Օհանյան - Այդ գնահատականը տրվել է վիրավորում ստանալուց շատ կարճ ժամանակ հետո: Իրականում յուրաքանչուր վիրավորումը, եթե կենսամահի չի բերում, նախատեսում է, որ վիրավորում ստացած զինծառայողն ադեկվատ է լինում, հարցերին պատասխանում է, հնարավորություն է տվել այդպես գնահատել: Երբ տեղափոխվել են Գեղարքունիքի հոսպիտալ, մասնագետներն ուսումնասիրել են և վիրահատության ընթացքում տեսել են, որ վիճակը ծանր է:

Միջադեպի հետ կապված Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության փորձի համար:

Ավելի մանրամասն՝ 1lurer.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել