Հունիսին Իրանից Հայաստան է ժամանել ավել քան 8000 զբոսաշրջիկ․ հնարավոր է՝ տասնօրյա ցենզը վերանայվի․ Գայանե Այվազյան
16:13 - 29 հուլիսի,2021

Հունիսին Իրանից Հայաստան է ժամանել ավել քան 8000 զբոսաշրջիկ․ հնարավոր է՝ տասնօրյա ցենզը վերանայվի․ Գայանե Այվազյան

Հանրության շրջանում շարունակվում են քննարկումները COVID-19-ի դեմ պատվաստանյութի անվճար տրամադրման վերաբերյալ․ մի մասի պնդմամբ՝ սա լավ տարբերակ է Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացման համար, իսկ մյուս մասի կարծիքով՝ Հայաստանը գնում է պատվաստանյութը, եւ գործընթացը ձեռնտու չէ պետության համար։ 

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստման համար ընտրվել է «AstraZeneca» պատվաստանյութը․ դեղաչափը տրամադրվում է անվճար։ Վերջին շրջանում պատվաստումների համար Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես Իրանից ժամանածները։ 

Պատվաստանյութերի անվճար տրամադրման գործընացի՝ զբոսածրջության վրա ազդեցության վերաբերյալ Infocom.am-ը զրուցել է Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի, թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի հետ։ 

Մեր զրույցում Այվազյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում աճ գրանցվել է ամենաշատը հունիս եւ հուլիս ամիսներին։ Փորձագետի խոսքով՝ դա նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր։ Այս ամիսներին հիմնական պատվաստումային տուրիզմի թիրախը իրանացիներն էին, բայց Հայաստան են ժամանում նաեւ այլ երկրներից, որոնք պատվաստվում են, բայց նրանց քանակը փոքր է։ Իսկ հիմնական, ավելի մեծ խումբը Իրանից է, քանի որ Իրանում կա նաեւ պատվաստումների հասանելիության խնդիր․ դեռեւս պատվաստվում են 55-ից բարձր տարիք ունեցող մարդիկ եւ երիտասարդներն էլ են ուզում պատվաստվել, որպեսզի նաեւ շատ հանգիստ կարողանան շրջագայել, դրա համար այս տարբերակը իրենց հարմար է, քանի որ Հայաստանը մոտիկ է, կարող են գալ պատվաստվել։

«Այդ առումով, իհարկե, գրանցվեց իրանցի զբոսաշրջիկների աճ, հունիս ամսին ունեցանք 8000-ից ավելի իրանացի զբոսաշրջիկ եւ նախորդ ամսվա համեմատ, կարելի է ասել, թիվը կրկնապատկվեց։ Հուլիս ամսվա տվյալները դեռ ամփոփված չեն, բայց, իհարկե, հուլիսի առաջին կեսը նույնպես շատ ակտիվ էր, ու վստահ եմ, որ մինչեւ հուլիսի կեսը կրկին այցերը շատ են եղել, այս պահին հոսքը մի փոքր թեթեւացել է, դա նաեւ անզեն աչքով է երեւում։ Դա պայմանավորված է 10-օրյա ժամկետով, որ զբոսաշրջիկը 10 օր պետք է անցկացնի Հայաստանում՝ պատվաստվելու համար։ Դրա պատճառների մասին խոսել է Առողջապահության նախարարությունը․ որպեսզի խնդիրներ չառաջանան եւ մեր քաղաքացիները կարողնանան առաջնահերթ պատվաստվել, դրա համար որոշակի սահմանափակումներ դրվեցին»,- հավելեց Այվազյանը։

Վերջինս ընդգծեց, որ 10-օրյա ցենզի սահմանման պատճառներից մեկն էլ հոսքերի կառավարումն է, քանի որ տեսանելի էր, որ հոսքերի կառավարման հետ խնդիրներ առաջացան, որովհետեւ միանգամից մեծ հոսքեր եկան։ Փորձագետի դիտարկմամբ՝ մի կողմից այդ հոսքերը բարենպաստ ազդեցություն ունեցան տուրիզմի վրա, բայց, միեւնույն ժամանակ, որոշակի բացասական ազդեցություններ եւս կային երկրի տնտեսության վրա, քանի որ մի շարք զբոսաշրջիկներ գալիս էին շատ կարճ ժամանակով։

«Հետո նկատեցինք, որ նույնիսկ կեցության ու մնալու խնդիր ունեինք, այսինքն՝ փորձում էին առանց կեցության մեկ օրով գալ, պատվաստվել եւ նորից վերադառնալ, ինչը, իհարկե, չի կարող դրական լինել, որովհետեւ, եթե խոսում ենք տուրիզմից, ակնկալում ենք, որ տուրիստը գումար կծախսի եւ իր կեցության հարցերը կհոգա, ինչը կարդարացներ անվճար պատվաստումը։ Այս դեպքում, սակայն, արդարացված չէր, դրա համար որոշակի սահմանափակում դրվեց։ Այս պահին 10 օր է սահմանված, բայց հետագայում այն կարող է վերանայվել՝ պատվաստանյութերի նոր քանակի ստացման հետ»,- նշեց Այվազյանը՝ հավելելով, որ վերանայման արդյունքւոմ կարող է օրերի քանակը կրճատվել։ 

Այս դեպքում, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, նորից կխթանվի զբոսաշրջությունը, ինչը նոր երեւույթ է, բայց մի շարք երկրներում արդեն կարելի է դիտել նման ռազմավարություն․ նման կերպ երկրները խթանում են զբոսաշրջությունը, եւ դա էլ իր դրական կողմերն է ունենում, որովհետեւ համավարակից ամենաշատ տուժած ոլորտը՝ տուրիզմը, կարիք ունի առողջացման, ուստի բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են առողջացնել։ Օրինակ՝ Նյու-Յորքում, Բալիում, Ռուսատանում նման ռազմավարություն է մշակվում, պատվաստումային փաթեթներ են մշակվում՝ զբոսաշրջային ոլորտն աշխուժացնելու համար։

«Մեզ մոտ դա մի քիչ սպոնտան ստացվեց, չեմ կարող ասել, թե հստակ մշակված ռազմավարություն կար, բայց մենք էլ սկսեցինք դրա դրական կողմերը գնահատել եւ հետագայում հաշվի ենք առնելու, իհարկե, բոլոր դրական կողմերը։ Հիմա էլ խրախուսում ենք զբոսաշրջային ընկերություններին՝ փաթեթներ մշակել եւ առաջարկել 10-օրյա ժամկետով գալ, շրջագայել, պատվաստվել եւ վերադառնալ իրենց երկիր»,- ասաց փորձագետը։

Նա նշեց, որ Կոմիտեի մշակած ռազմավարություն չկար, այսինքն՝ պատվաստումային տուրիզմ զարգացնելու միտումներ ամենասկզբից չկային։ Խոսելով պատվաստանյութերի անվճար տրամադրման կարգի մասին՝ Այվազյանը շեշտեց, որ դա առողջապահության նախարարության որոշումն էր, քանի որ դա պայմանավորված էր պատվաստանյութերի առկայությամբ։ Որոշման պատկաճներից մեկն այն էր, որ ՀՀ քաղաքացիների մոտ պատվաստվելու ցանկությունը քիչ էր, կար պատվաստանյութերի բավարար քանակ, դրա համար պատվաստումները բաց էին նաեւ զբոսաշրջիկների համար։ Երբ հոսքն ավելացավ, ԱՆ-ն նույնպես իր ռազմավարության մեջ դիտարկեց պատվաստանյութերի քանակը, եւ կարիք առաջացավ կանոնակարգելու։ Պատվաստումային տուրիզմը նորություն է եղել նաեւ Զբոսաշրջության կոմիտեի համար։ Գործընթացն ունի իր դրական եւ բացասական կողմերը, որոնք մասնագետները դիտարկում են։ 

Անդրադառնալով հանրային տարբեր հարթակներում քննարկվող այն հարցին, թե պատվաստանյութերի համար պետք է որոշակի գումար սահմանել, Այվազյանը հայտնեց, որ այս հարցն ավելի շատ Առողջապահության նախարարության որշելիքն է, Կոմիտեն այս առումով ասելիք չունի։

«Եթե հարցը դիտարկենք զբոսաշրջության տեսանկյունից, ապա լավագույնը անվճար տրամադրումն է, քանի որ այդ դեպքում զբոսաշրջիկների հոսքը մեծ է։ Երբ սահմանում ես որոշակի վճար, ապա սահմանափակումներ ես մտցնում։ Հիմա օրերի առումով կա սահմանափակում, որը որոշակիորեն ազդում է հոսքի վրա, նույն կերպ նաեւ վճարը կարող է ազդել, բայց այդ նույն վճարն էլ շատ տարակուսելի է՝ ի՞նչ վճար դնել, որքա՞ն գումար սահմանել, որպեսզի այն արդարացված լինի։ Շատ հաճախ կային հաշվարկներ, որ ավելի օգուտ է, որ զբոսաշրջրիկը գա այստեղ, գումար ծախսի, քան վճար սահմանվի։ Նաեւ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը՝ անվճար տարբերակն ավելի ձեռնտու է, ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ կարգավորվեն հոսքերը։ Այս ուղղությամբ էլ աշխատանք տարվում է, քանի որ ԱՆ-ն արդեն որոշակի համակարգ է մշակել, եւ կա արդեն էլեկտրոնային տոմսի հնարավորություն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Փորձագետի դիտարկմամբ՝ սահմանված ցենզն էլ ունի իր բացատրությունը եւ կարիք չկա այն շատ շահարկել, իսկ բացատրությունն այն է, որ Հայաստանում դեռ կա պատվաստանյութերի քանակների խնդիր, երբ այդ խնդիրը լուծվի, հնարավոր է՝ ժամկետն իջեցվի։

«Հիմա առաջնայինը Հայաստանի համար իր քաղաքացիներին պատվաստելն է: Միայն պատվաստումային տուրիզմը չէ շարժիչը, մեր հիմանկան նպատակը դա չէ, այլ այն, որ մենք ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը եւ, իհարկե, ինչքան շատ պատվաստվեն, այնքան Հայաստանը ավելի հետաքրքիր կդառնա զբոսաշրջիկների համար, քանի որ նաեւ ավելի անվտանգ կլինի։ Անվճար պատվաստանյութերի տրամադրումը մի ձեւ է խթանելու, բայց միակ ու հիմնական ձեւը չէ»,- հավելեց Այվազյանը։ 

Այն հարցին, թե ընդհանուր առմամբ ի՞նչ դրական ազդեցություն ունեցավ պատվաստանյութերի հայտնվելը զբոսաշրջության մեջ, Այվազյանը նշեց, որ պատվաստումների դրական կողմն այն է, որ շատ երկրներ իրենց սահմանափակումները թեթեւացրել են, հատկապես եվրոպական երկրները, որոնք երկար ժամանակ փակ մնացին, բայց պատվաստանյութերն ինչ-որ չափով հնարավորություն տվեցին, որ այդ սահմանափակումները թեթեւացվեն։

«Օրինակ՝ նույն Անգլիան բոլոր սահմանափակումները հանել է, որովհետեւ պատվաստված է իր բնակչության, եթե չեմ սխալվում, 70 տոկոսից ավելին։ Այսինքն՝ դրական տեղաշարժ կա, եւ դրանով է պայմանավորված, որ հիմա ակտիվ պատվաստումային քաղաքականություն է տարվում, որովհետեւ հասկանալի է, որ, ցավոք սրտի, կորոնավիրուսը չի վերացել եւ շարունակելու է իր գործը, հիմա էլ նոր շտամների ի հայտ գալը բացասական է ազդում զբոսաշրջության վրա»։ 

Ասպրամ Փարսադանյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել