Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակը անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացման պատճառներին
13:37 - 23 հուլիսի, 2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակը անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացման պատճառներին

Հեղուկ գազի գինը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մրցակցության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը՝ նշելով, որ  հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն, բայց չնայած դրա՝ հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:

«ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):

Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»,-նշել է Սմբատյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել