Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին |tert.am|
20:33 - 22 հուլիսի, 2021

Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին |tert.am|

tert.am: Մենք մինչ ընտրություններն էլ ասում էինք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլ այն նոր դրսևորումներ է ունենալու, որովհետև ճգնաժամի բուն պատճառը, ըստ էության, հեռացված չէ, երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը: Այս մասին այսօր ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ ՍԴ որոշման անդրադարձի մասին:

«Թշնամին այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում է, հազարից ավելի զինվոր ունի և մեր երկրի անվտանգությունը լրջագույն հարցականի տակ է, հետևաբար, եթե փողոցում այս օրերին մարդիկ չկան, ապա սա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է»,- ասել է Սաղաթելյանը:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հետընտրական իրավիճակում պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից՝ Սաղաթելյանը նշել է, որ նախ պետք է հստակ արձանագրել, որ ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը:

«Նա և նրա ամբողջ իշխանությունը կառուցված է ամբողջովին ստի և կեղծիքի վրա, ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն: Այսինքն՝ ատելության խոսքը ՀՀ-ում տարածել է թիվ 1 պաշտոնյան»,– շեշտել է նա:

Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանն այս հայտարարությունց առաջ պետք է հետևություններ աներ նաև հենց իր պահվածքից և եթե արել էր, ապա պետք է երկու կարևոր քայլեր աներ: Ըստ Սաղաթելյանի՝ առաջինն այն է, որ առաջին հերթին պետք է ազատվեին այն բոլոր քաղբանտարկյալները, որոնք հիմա կան:

«Մյուսն այն է, որ նա դեռ շարունակում է իր «ֆեյքերով», յութուբյան էջերով ատելության խոսք տարածել, մեր մասին վարկաբեկիչ ֆիլմեր, տեսանյութեր հրապարակել:  Քանի դու դեռ այս երկու գործողությունները չես արել, դու պարզապես իրավունք չունես խոսել կառուցողական հարաբերությունների, ատելության խոսքի վերացման մասին: Հետևաբար, այս ամենը հերթական շոուն և ինչ-որ շրջանակների ականջներին հաճո խոսքեր ասել է, բայց գործնական դաշտում, վստահ եմ՝ որևէ փոփոխություն չի լինելու, որովհետև, որ պահից սկսած՝ նա կհրաժարվի ատելության խոսք տարածելուց ու իր հիմնական գործելաոճից, նա խնդիրներ է ունենալու, որովհետև իր իշխանությունը հիմնված է հենց դրա վրա»,- ասել է դաշինքի անդամը: 

Խոսելով մանդատները վերցնելու և հետագա գործունեության մասին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է՝ ասել են, որ լինելու են նոր որակի ընդդիմության և օգտվելու են ԱԺ-ի ընձեռած ողջ գործիքակազմից, որպեսզի նոր ուժ ու տան իրենց սկսած պայքարին:

«Օգտվելու ենք բոլոր հնարավորություններից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, լսումներ կազմակերպելու, հարցապնդումներ իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու: Այս իմաստով ինչ հնարավոր է, անելու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք թողնելու ենք փողոցը, որովհետև մենք ստանդարտ և դասական վիճակում չենք, մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք մարդկային հսկայական կորուստներ և այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը, հետևաբար, մեր քայլերն ու գործողությունները ևս ոչ ստանդարտ են լինելու, դասական իմաստով չենք գնալու նստելու ԱԺ-ում հարց տանք, պատասխան ստանանք, ելույթ ունենանք ու դրանով սահմանափակվի մեր ընդդիմադիր գործունեությունը»,-ընդգծել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել