ՀՀ-ում պատվաստումների ցուցանիշը ընդհանուր առմամբ ցածր է, սակայն վերջին շրջանում որոշակի աճ գրանցվել է․ Վարդուհի Պետրոսյան
13:03 - 22 հուլիսի, 2021

ՀՀ-ում պատվաստումների ցուցանիշը ընդհանուր առմամբ ցածր է, սակայն վերջին շրջանում որոշակի աճ գրանցվել է․ Վարդուհի Պետրոսյան

Կորոնավիրուսի համավարակի տարածումը աշխարհում շարունակվում է։ Վիրուսը նաև մուտացիաների է ենթարկվում։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների՝ աշխարհի 96 երկրներում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, որը ավելի արագ է տարածվում, քան «Ալֆա» շտամը։

Համավարակային ինչպիսի՞ իրավիճակ է աշխարհում ու Հայաստանում, և ինչպե՞ս կարելի է պայքարել կորոնավիրուսի նոր շտամերի դեմ։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն ասում է, որ համավարակը խնդիրներ է առաջացնում նույնիսկ այն երկրներում, որտեղ պատվաստումների բարձր ցուցանիշ կա․ «Սակայն եթե պատվաստման բարձր ցուցանիշ ունեցող երկրները համեմատենք պատվաստման ավելի ցածր ցուցանիշ ունեցող երկրների հետ, կտեսնենք, որ իրավիճակը շատ ավելի ստաբիլ է։ Այո՛, կա նոր գրանցվող դեպքերի աճ, բայց մահացության տեսանկյունից իրավիճակը շատ ավելի հանդարտ է և կայուն»։

 Վարդուհի Պետրոսյանը բերում Մեծ Բրիտանիայի և Իսրայելի օրինակը․ «Իսրայելում կորոնավիրուսի թվերը շատ ավելի քիչ աճման միտում ունեն, բայց ունեն այդ միտումը, քանի որ «Դելտա» ենթատեսակը տարածում է գտնում։ Այն շատ ավելի վարակիչ է և առաջացնում է ավելի ծանր ընթացք։ Քանի որ Իսրայելում պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացածների թիվը շատ ավելի մեծ է, այնտեղ իրավիճակը ավելի կայուն է։ Տարբեր երկրներից կան բազմաթիվ հետազոտական տվյալներ այն մասին, որ մեկ դեղաչափը շատ ավելի քիչ պաշտպանվածություն է տրամադրում  նոր «Դելտա» ենթատեսակին, իսկ եթե մարդիկ ստացել են երկու դեղաչափը, և արդեն երկու շաբաթը անցել է, իրենք շատ ավելի պաշտպանված են այդ ենթատեսակից։ Եթե Մեծ Բրիտանիայի օրինակը նայենք, նորից կտեսնենք թվերի  աճ, սակայն մահացության նույն դինամիկան չենք տեսնի, և դա հնարավոր է դարձել պատվաստումների բարձր ցուցանիշի արդյունքում»։

Պետրոսյանը ընդգծում է, որ կորոնավիրուսի նոր ենթատեսակների դեմ հնարավոր է պայքարել պատվաստվելու միջոցով։ Նրա խոսքով՝ պատվաստումների ցածր ցուցանիշ ունեցող երկրներում կորոնավիրուսի նոր ենթատեսակներն անընդհատ առաջանալու են։

Անդրադառնալով Հայաստանում առկա համաճարակային իրավիճակին՝ հանրային առողջապահության մասնագետն ասում է, որ վիրուսը աճման միտում ունի․ «Ընդ որում, աճման միտում կա ոչ միայն գրանցված նոր դեպքերի քանակի, այլ նաև՝ մահերի դեպքում, այնինչ մենք հասել էինք այնպիսի օրերի, որ մահվան ոչ մի դեպք չունեինք։ Ալիքը վերջացել էր, ունեինք կայուն իրավիճակ։ Քանի որ բոլոր երկրներում կորոնավիրուսը ալիքաձև է ընթանում, մեզ մոտ կարծես թե ամեն ինչ խոսում է այն մասին, որ չորրոդ ալիքի սկզբնական փուլում ենք գտնվում։ Բոլորիցս է կախված՝ արդյոք այդ չորրորդ ալիքը մենք կպահե՞նք հնարավորինս տափակ, այսինքն՝ պիկը կլինի՞ բարձր, թե՞ ոչ»։

Պետրոսյանը հիշեցնում է, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամը շրջանառվում է նաև Հայաստանի հարևան երկրներում․ «Վրաստանում, օրինակ, վերջերս հայտարարվեց, որ վարակվածների 20%-ի մոտ հայտնաբերվում է այդ նոր ենթատեսակը, Ռուսաստանում նույնպես այն լայն տարածում  է ստացել, իսկ մեր ուղևորահաղորդակցությունը այդ երկրների հետ բավականին մեծ է։ Ես կասկած չունեմ, որ այդ ենթատեսակը նաև Հայաստանում է, և քանի որ այն շատ ավելի վարակելի է, արագ է տարածվում, դրա համար անհրաժեշտ է դիմել և պատվաստում ստանալ»։

Նա նշում է, որ Հայաստանում պատվաստումների ցուցանիշը բարձր չէ՝ ընդգծելով, սակայն, որ վերջին շրջանում որոշակի աճ է նկատվել․ «Եթե հատկապես նախընտրական ժամանակահատվածում մարդկանց ուշադրությունը այլ բանի վրա էր սևեռված, այդ ընթացքում պատվաստումների թիվը օրական գուցե 1500-ի հասներ, ապա այսօր օրական 5000-ից անցնում է։ Հույս ունեմ, որ այն ավելի կինտեսիվանա, քանի որ մարդիկ սկսում են ավելի լավ հասկանալ դրա էֆֆեկտը, և տեսնում են իրենց շրջապատում պատվաստված մարդկանց, որոնք ավելի նորմալ կյանքով են ապրում և ավելի հանգիստ են իրենց և իրենց բարեկամների առողջության համար»։

Վարդուհի Պետրոսյանի դիտարկմամբ՝ եվրոպական երկրներում ակտիվորեն ընթանում է պատվաստման գործընթացը, և այնտեղ ցուցանիշը 40-50%-ի է հասնում․ «Մեր հարևան Վրաստանը պատվաստումների ցուցանիշով մեզնից մի փոքր ավելի է, քանի որ իրենց մոտ գործընթացը ավելի շուտ է սկսվել։ Ռուսաստանում պատվաստումների գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, և այնտեղ իշխանությունները սկսեցին կտրուկ միջոցառումների դեիմել, որպեսզի պատվաստման ցուցանիշը բարձրանա։ Դա արդեն շատ երկրներում է արվում, որպեսզի ռիսկի խմբերը կամ ռիսկի խմբերի հետ աշխատողները պարտադիր ձևով ունենան պատվաստում, պաշտպանեն իրենց և այն մարդկանց, որոնք իրենց հաճախորդներն են»։

Անդրադառնալով պատվաստումների վնասակարությանը վերաբերող հրապարակումներին՝ հանրային առողջապահության մասնագետը նշում է, որ հակապատվաստումային շարժում գոյություն ունի ամբողջ աշխարհում․ «Ցավոք սրտի, այս թեման քաղաքականացվել է և օգտագործվել քաղաքական մանիպուլյացիաների համար, սակայն իմ խորհուրդը մեկն է մեր բնակչությանը․ հետևել միմիայն վստահելի աղբյուրներին։ Մարդիկ պետք է հիշեն, որ եթե ատամի խնդիր են ունենում, չեն այցելում վարսավիրի մոտ, այցելում են ատամնաբույժի մոտ, եթե մազերը շտկելու խնդիր են ունենում, չեն այցելում մեքենայի ամենալավ մեխանիկի մոտ, այլ գնում են վարսավիրի մոտ։ Այստեղ նույն իրավիճակն է։ Բացի քաղաքականացումից՝ կա նաև բիզնես շահերի բախում։ Տարբեր կազմակերպություններ տարբեր պատասվատանյութեր են արտադրել, և այդտեղ կա նաև մրցակցություն»։

Ըստ նրա՝ եթե պատվաստումներին վերաբերող հրապարակումներում չի նշվում հղում, ապա այն կասկածելի է դառնում․ «Եթե այդ հղումները չկան, կան ամպագորգոռ հայտարարություններ, երբեմն խայտառակության հասնող նկարագրություններ, ուրեմն մարդիկ պետք է հասկանան, որ այդտեղ որևէ շահ կա, և իրենց չի տրամադրվում ճշմարիտ ինֆորմացիա»։

Նշենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։

Վերջին 2 օրերի ընթացքոմ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մյուս օրերի համեմատ աճել են։ Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 225 դեպք, մահացել է 2 անձ։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել