Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում |armenpress.am|
10:51 - 22 հուլիսի, 2021

Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում |armenpress.am|

armenpress.am: Չնայած աննախադեպ իրավիճակին՝ ատոմակայանի և Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի կանգնելուն, Արցախում ՀԷԿ-երի կորստին, եղանակով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սպառմանը՝ Հայաստանը ներքին ռեսուրսներով ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայի իր պահանջարկը և շարունակում դեպի Իրան արտահանումը: Հուլիսի 11-ից էլ ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում, սակայն չի բացառում, որ կրկին էժան առաջարկի դեպքում ներմուծում կարվի: 

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս պահին Վրաստանից էլեկտրաէներգիա չենք ներմուծում, ներմուծել ենք միայն տնտեսական էֆեկտի համար, այսինքն՝ այդ պահին Վրաստանն առաջարկել է ավելի ցածր գնով, քան Հրազդան ՋԷԿ-ի գինն է, այսինքն՝ նախընտրություն է տրվել ներմուծելուն: Ավելի շատ գազ պետք է ծախսեինք Հրազդանի ՋԷԿ-ում, որպեսզի արտադրանք տայինք, Վրաստանից ներմուծել ենք ավելի էժանով: Հուլիսի 11-ից այլևս ներմուծում չի կատարվում, որովհետև Վրաստանում ևս այս պահին ավելցուկային հոսանք չկա»,- ասաց Վարդանյանը:

Փոխնախարարը նշեց՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիա միշտ են միմյանցից ներմուծել: «Իրենց մոտ ձմռանը թանկ է հոսանքը, ՋԷԿ-երն են միայն աշխատում, եթե կարողանում ենք ավելի էժան առաջարկել, քան իրենց արտադրանքն է, մենք ենք տալիս և՝ հակառակը:  Սեզոնային փոխանակումները կամ փոխադարձ գնումները միշտ եղել են»,-ասաց փոխնախարարն ու նկատեց, որ պարզապես այս տարի ներմուծման փաստն ավելի վառ արտահայտված է, քանի որ մարդիկ անհանգստություններ ունեին՝ ատոմակայանի երկար ժամանակով կանգնելու հետ կապված:

Վարդանյանը չբացառեց, որ եթե, օրինակ, մյուս ամսին Վրաստանը կարողանա առաջարկել ավելի էժան էլեկտրաէներգիա, քան Հրազդան ՋԷԿ-ի բլոկինն է, ապա բլոկը կանջատեն և կներմուծեն Վրաստանից: Ատոմակայանի կանգնելով պայմանավորված՝ ազատ տեղ էր առաջացել, դա սովորաբար զբաղեցնում է Հրազդանի ՋԷԿ-ը, որը բավականին թանկ հոսանք է արտադրում: Վարդանյանը նշեց՝ այն բավականին ճկուն է, աշխատող երեք բլոկներից ընդամենը մեկն են անջատում, փոխարենն ավելի մատչելի գնով ներմուծում Վրաստանից: Վարդանյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականին էժան է, և եթե այն կանգնած չլիներ, Վրաստանը դրա նկատմամբ մրցունակ գին չէր կարողանա առաջարկել: Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը սկսել էր մայիսի 5-ից:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարարում է իր ներքին պահանջարկը, այլ նաև շարունակում է արտահանումն Իրան:

Պատերազմի արդյունքում Արցախում ՀԷԿ-երի կորուստներ ունենք, ատոմակայանը երկար ժամանակով կանգնել է, Հրազդանի հինգերորդ բլոկը տեխնիկական խնդիրների պատճառով կանգնած է:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել