Չինաստանում ջրհեղեղ է. զոհվել է 25 մարդ |hetq.am|
21:41 - 21 հուլիսի, 2021

Չինաստանում ջրհեղեղ է. զոհվել է 25 մարդ |hetq.am|

het.am: Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի տարածքի մեծ մասում վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղ է։ Չժենչժոու քաղաքում զոհվել է 25 մարդ, ևս 7-ը անհետ կորած են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ 

Հուլիսի 17-ի երեկոյից մինչև հուլիսի 20-ի երեկոյան Հենան նահագի վարչական կենտրոն Չժենչժոու քաղաքում տեղումների քանակը կազմել է 617,1 միլիմետր, ինչը մոտ է տարեկան միջին ցուցանիշին (640,8 միլիմետր)։ Չինական լրատվամիջոցները, հղում անելով օդերևութաբաններին, հայտնում են, որ վերջին երեք օրվա ընթացքում տեղումների նման քանակը լինում է «հազար տարին մեկ անգամ»։ Սինհուա գործակալությունը գրել է, որ տեղատարափ անձրևների հետևանքով տեղումների օրական և ժամային քանակը գերազանցել է Չժենչժոու քաղաքի պատմական մաքսիմումները։

Զոհերից առնվազն 12-ը մահացել են Չժենչժոուի մետրոյում, երբ ջրածածկ է եղել քաղաքային մետրոյի հինգերորդ գիծը։ Սոցիալական ցանցերում հրապարակվել է մետրոյից տեսանյութ, որտեղ վագոններում գտնվող մարդիկ, մինչև կրծքավանդակը, կանգնած են ջրի մեջ։ Մետրոյից փրկվել է մոտ 500 մարդ, որոնք տարհանվել են փրկարարների կողմից։ 

Հենան նահանգում, ուժեղ անձրևի պատճառով, բարձրացել է մի քանի գետերի մակարդակը։ Փակ են բազմաթիվ մայրուղիներ, կանգնեցվել է գնացքների աշխատանքը, չեղարկվել կամ հետաձգվել են ավիաթռիչքները։ Չժենչժոու քաղաքից, որի բնակչությունը հասնում է 12 միլիոնի, տարհանվել է առնվազն 100 000 մարդ։ Հուլիսի 21-ին ևս շարունակվել է հորդառատ անձրևը, իսկ առաջիկա երկու օրերին օդերևութաբանները կանխատեսում են տեղումների քանակի կրճատում։ 

Վերջին օրերին երկրագնդի մի շարք շրջաններում նկատվում են եղանակային արտակարգ երևույթներ։ Այսպես, Եվրոպայում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի արդյունքում Գերմանիայում և Բելգիայում մահացել է մոտ 200 մարդ։ Յակուտիայում հրդեհներն ընդգրկել են 1,5 միլիոն անտառային տարածք։ Տուժել է մոտ 100 մարդ։ Անտառային հրդեհներ են նաև ԱՄՆ արևմտյան 13 նահանգներում և Կանադայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել