Դպրոցների կառավարման խորհուրդների նոր կարգի հաստատումից հետո 30-օրյա ժամկետում բոլոր դպրոցներում պետք է ձևավորվեին խորհուրդներ․ կարգը խախտվել է
18:34 - 21 հուլիսի, 2021

Դպրոցների կառավարման խորհուրդների նոր կարգի հաստատումից հետո 30-օրյա ժամկետում բոլոր դպրոցներում պետք է ձևավորվեին խորհուրդներ․ կարգը խախտվել է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով ամիսներ առաջ հաստատվեց պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը, որն ուժի մեջ մտավ 2021 թվականի ապրիլի 1-ից:

Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես, ներմուծվում է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը:

Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձեւավորվում է 3 տարի ժամկետով` իբրեւ առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրեւ միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ:

Խորհրդի անդամներին առաջադրում են ԿԳՄՍ նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան), մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

Դպրոցի մանկավարժական եւ ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ:

Ըստ սահմանված  30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, լիազոր մարմինը պետք է  կազմակերպի  և ապահովի խորհուրդի անդամների ընտրության գործընթացը: Այսպիսով, մայսի 1-ի դրությամբ գործընթացը բոլոր դպրոցներում պետք է ավարտված լիներ։ 

Կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգի, առաջացած խոչընդոտների վերաբերյալ Infocom.am-ը զրուցել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի փոխտնօրեն, «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանի հետ։

Մեր զրույցում Երեմյանն ընդգծեց, որ նախնական տարբերակում խորհրդի այլ տարբերակ էր առաջարկվում՝ 3, 3, 3, այսինքն՝ երեք հոգի ներկայացնում էին ծնողական համայնքը, երեքը՝ ուսուցչական համայնքը, երեքը՝ լիազոր մարմինը։ Փոխտնօրենի խոսքով՝ կրթական ոլորտին անհրաժեշտ են փոփոխութուններ, բայց փոփոխություններ անելուց առաջ պետք է դաշտը նախապատրաստել, նախապատրաստել ամբողջ գործընթացը եւ հետո նոր կարգը դնել գործածության մեջ։

«Ըստ նախարարության մշակած եւ հաստատած կարգի՝ ապրիլի մեկից մինչեւ մայիսի մեկը պետք է ձեւավորվեին հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները, որոնք, ըստ իս, շատ կարեւոր գործառույթ ունեն դպրոցում։ Մայիսի մեկից բավականին երկար ժամանակ է անցել, բայց դեռ կան դպրոցներ, որոնք խորհուրդներ չունեն, ինչը, իհարկե, խնդիր է առաջացնում, որովհետեւ կան դպրոցներ, որտեղ պետք է մրցույթներ հայտարարվեն, կան դպրոցներ, որոնք ամռան ընթացքում ունեն կարիքներ, որոնք պետք է բավարարվեն, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, եւ դրա համար անշուշտ խորհուրդների համաձայնությունը, հավանությունը անհրաժեշտ է, որպեսզի դպրոցը կարողանա դիմել լիազոր մարմնին՝ ֆինանսական որեւէ գործարք իրականացնելու համար։ Քանի որ ամառվա ամիսները դպրոցների համար դադարի ժամանակ են, ե՛ւ դպրոցական շենքը, ե՛ւ ուսումնամեթոդական նյութերը պետք է հենց ամռանը պատրաստել՝ սեպտեմբերի մեկից երեխաներին ավելի լավ պայմաններով դիմավորելու համար․ այս դեպքում, կարծում եմ, այդ աշխատանքները խոչընդոտվում են»,- հավելեց Երեմյանը։

Վերջինիս խոսքով՝ դպրոցները կանգնած են լուրջ խնդրի առջեւ, եւ անգամ այն դեպքում, երբ չի բարձրաձայնում, միեւնույն է՝ խնդիրը կա, իսկ այս իրավիճակը խանգարում է դպրոցների բնականոն աշխատանքին։ Այն հարցին, թե նախապես ի՞նչ քայլեր պետք է արվեին, որպեսզի կարգի հաստատումից հետո դպրոցները նման խնդրի առաջ չկանգնեին, Երեմյանը շեշտեց, որ, իր կարծիքով, նախարարությունը այստեղ շատ մեծ բացթողում ունի, որովհետեւ ինքն է մշակել կարգը, եւ պետք է հաշվի առնեին ռիսկերը․ առանց դրանք հաշվի առնելու, գնահատելու, կարգը չպետք է դրվեր շրջանառության մեջ։

Երեմյանի խոսքով պետք է հաշվի առնվեին նաև ռիսկերը,  որպեսզի ժամկետները չխախտվեին։ Գործընթացը պետք է ավարտված լիներ մայիսի 1-ին, այնինչ այն հուլիս ամսվա դրությամբ ավարտված չէ։ 

«Ըստ մեր ունեցած տեղեկության՝ շատերին են դիմում, ու շատ քաղաքացիներ՝ ե՛ւ նախարարության աշխատակիցներ, ե՛ւ այլ գերատեսչությունների աշխատակիցներ հրաժարվում են խորհուրդներում աշխատել, որովհետեւ դա հասարակական աշխատանք է։ Այդ դեպքում, եթե բավարար քանակը եւս վեց ամիս չհավաքվի, ինչպե՞ս են աշխատելու դպրոցները։ Ի վերջո, դպրոցը չի կարող ամիսներով սպասել, ինքնահոսի աշխատել։ Եթե մենք գնում ենք ինստիտուցիոնալ խնդիրների լուծմանը, գնում ենք օրենքը պաշտպանելու գաղափարի հետեւից, ապա, կարծում եմ, որ առաջին հերթին նախարարությունը պետք է այդ կարգը պահեր։ Իր մշակած կարգը խախտել եւ դպրոցներից կամ այլ կրթական հաստատություններից պահանջել, որ վերջիններս կարգին հետեւեն, ճիշտ չէ, կրթության ոլորտում չպետք է այդպես աշխատել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը, որի կարծիքով, սակայն, կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր։

Նախկինում խորհրդի անդամներն ութն էին, եւ տնօրենի ընտրության ժամանակ ձայների հավասար բաժանման դեպքում վերջնական որոշում կայացնում էր լիազոր մարմինը, եւ այդտեղ խնդիր էր առաջանում․ շատ հաճախ խորհրդի անդամները որոշումը համարում էին սուբյեկտիվ։ Կառավարման խորհրդում ինն անդամի ներգրավման որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ձայների հավասարաչափ սկզբունքը կխախտվի, օրինակ, տնօրենների ընտրությունների դեպքում խնդիրը կստանա տեղային լուծում։ Երեմյանի կարծիքով, սակայն, փոփոխությունից հետո դպրոցի դերը պետք է ավելի բարձրացվեր, որովհետեւ դպրոցը կենդանի օրգանիզմ է։

«Գերատեսչություններից եղել են պատասխաններ, որ աշխատանքը շատ է, չեն հասցնում, եղել են պատճառներ, որ ուղղակի մարդկանց թիվը չեն հասցնում ապահովել, մարդիկ հրաժարվում են հասարակական հիմունքներով աշխատել, եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա մեր՝ դպրոցում աշխատող, դպրոցական կյանքով ապրող անձանց, տնօրեններ, կոլեկտիվների խնդիրը չէ, որովհետեւ եթե խնդիրը դրվեր ինստիտուցիոնալ լուծման, այսինքն՝ ունենայինք համապատասխան թվով անձինք, նախապես համաձայնեցվեր այդ անձանց հետ, ստանային նրանց համաձայնությունը, որ պատրաստ են հասարակական գործունեություն ծավալել, հետո նոր գործածության մեջ դնել կարքը, ապա խնդիրներ չէին առաջանա։ Կարծում եմ, որ հարցը պետք է շատ արագ լուծում ստանա, բայց եթե այդպես չլինի, ուրեմն կստացվի, որ այն արժեքները, որոնք մենք կրում ենք՝ օրենքի գերակայության մասին, օրենքին հետեւելու մասին, մենք ինքներս խախտում ենք։ Ես, կրթության ոլորտում դեմ եմ նման մոտեցմանը, որովհետեւ կրթությունը ամեն ինչի հիմքն է, հասարակության ամենանուրբ զգայարանները անցնում են դպրոցներով»,- եզրափակեց կրթահամալիրի փոխտնօրենը։

Հուլիսի 9-ին  ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի մեջ նշվում է, որ փոփոխությունից հետո ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ձեւավորվել են կառավարման նոր խորհուրդներ՝ 3 տարի ժամկետով։ Կառավարման խորհուրդների ձեւավորման գործընթացն իրականացվել է կարգի պահանջների համաձայն։ Հարցման պատասխանի մեջ, մասնավորապես, ասված է․

«Նախարարության ենթակայության հաստատությունների խորհուրդների ձեւավորման աշխատանքներն ավարտված են, իսկ մարզային եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրել է մեկական, իսկ միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ»։ 

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների կառավաման խորհուրդների ձեւավորման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար հարցում ուղարկեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարան։

Նախորդ շաբաթ մեզ տրված պատասխանում նշված է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների ձեւավորումը ընթացքի մեջ է, առանձին դպրոցների խորհուրդներ չեն ձեւավորվել, քանի որ խորհուրդների անհատական կազմերի հաստատումն իրականացվելու է ըստ Երեւանի վարչական շրջանների՝ Երեւանի քաղաքապետի միասնական որոշմամբ: Դպրոցների խորհուրդների ձեւավորման գործընթացի ավարտը նախատեսվում է առաջիկա օրերին, քանի որ արդեն շրջանառության են ներկայացված Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումների նախագծերը: Գործընթացի ավարտի վերաբերյալ քաղաքապետարանից նոր տեղեկություն ստանալ չհաջողվեց։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցերին ի պատասխան ընդգծել էին, որ խորհուրդների ձեւավորման գործընթացում հիմնական խնդիրները վերաբերել են անդամների ներգրավմանը, քանի որ Երեւանի քաղաքապետարանը խորհուրդների անհատական կազմի ձեւավորման գործընթացում հիմնականում առաջնորդվել է համայնքային ծառայողների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների, հասարակական ոլորտում գործունեություն ծավալող անձանց ընդգրկման համամասնության ապահովման սկզբունքով: 

Դպրոցների խորհուրդների անդամների ներգրավման նպատակով քաղաքապետարանը գրություններ է ուղղել ինչպես քաղաքապետարանի ստորաբաժանումների եւ վարչական շրջանների ղեկավարներին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին, արդյունքում՝ պատրաստակամություն հայտնած անձինք հնարավորինս ներգրավվել են տարբեր դպրոցների խորհուրդների կազմերում: Խորհուրդներին անդամակցելու առաջարկ ստացած եւ հրաժարված անձանց վերաբերյալ վիճակագրություն չի վարվել:

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել