Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ
21:20 - 19 հուլիսի, 2021

Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին անդրադարձել է  Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի նոր հայտարարությանը։

«Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը»,- նշված է ՀՔԾ մամուլի ծառայության պարզաբանման մեջ։

Ըստ աղբյուրի՝  պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: «Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից, ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով»,- հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, որի համաձայն, այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:  

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ՀՔԾ-ն պաշտպաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել