Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութն Իշխանասարի բարձունքից չէ
12:08 - 20 հուլիսի, 2021

Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութն Իշխանասարի բարձունքից չէ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում վերջին օրերին տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում, կից գրառումներում էլ նշվում է, որ ադրբեջանական կողմը Սև լճի հատվածում կարևոր բարձունք է գրավել։ Infocom-ը տեղորոշել է ադրբեջանցիների տարածած լուսանկարներն ու տեսանյութերը։

Այսպիսով, հունիսի 17-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակվել են լուսանկար ու տեսանյութ։ Կից գրված է․ «Զանգեզուրի ուղղությամբ ամենաբարձր և ամենակարևոր կետը «Իշիգլիի» բարձունքն է։ Լուսանկարից տեսարան է բացվում այդ բարձունքից դեպի հնագույն ադրբեջանական Գորուս քաղաք» («Իշիգլի» ադրբեջանցիներն ասում են Իշխանասար լեռանը)։

Ստորև ադրբեջանցիների հրապարակած լուսանկարն է։

Իսկ այստեղ հրապարակված տեսանյութից լուսապատճեններ են, որոնցով հնարավոր է տեղորոշել, թե որտեղից է նկարահանվել տեսանյութը։

Այժմ կարող եք «Google Earth»-ի վրա տեսնել նույն տեղանքը։

Ադրբեջանցիները նշում են, որ իրենց վերցրած բարձունքից երևում է Գորիսը։ Այս բարձունքից հնարավոր է այնպիսի լուսանկար անել, որ այնտեղից երևա Գորիսը։

Բարձունքը, որտեղից հրապարակվել են տեսանյութն ու լուսանկարը, Սև լճի մոտ է և ՀՀ սահմանից ներս է։ Այդ բարձունքը, սակայն, Իշխանասարը չէ։

Տելեգրամյան նույն ալիքում հունիսի 18-ին հրապարակվել է մեկ այլ տեսանյութ։ Այս տեսանյութը նկարահանված է նույն բարձունքից։ Այս անգամ, սակայն, ադրբեջանցիները նկարահանել են հակառակ կողմից, և տեսանյութում երևում է Սև լիճը։

Տելեգրամյան ալիքի մեկ այլ գրառման մեջ էլ նշվում է, որ ադրբեջանցիները վերցրել են այն բարձունքը, որտեղից ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսին լուսանկար էր հրապարակել։

Ավինյանի հրապարակած լուսանկարը, սակայն, այդ բարձունքից չէ։ Լուսանկարում Գորիսը և մոտակա մեկ այլ բարձունք շատ ավելի մոտիկից են երևում։ «Google Earth»-ի վրա կարող եք տեսնել մոտավոր վայրը, որտեղ արվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի հրապարակած լուսանկարը։

Այս բարձունքը և մյուսը, որը հավանաբար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իրարից հեռու են։

Ինչ վերաբերում է Իշխանասարին, այն հեռու է և՛ ադրբեջանցիների զբաղեցրած բարձունքից, և՛ այն վայրից, որտեղից լուսանկար է հրապարակել փոխվարչապետի պաշտոնակատարը։

Լուսանկարում կապույտով նշված է Իշխանասարի բարձունքը, կարմիրով՝ ադրբեջանցիների զբաղեցրած բարձունքը, նարնջագույնով՝ Ավինյանի լուսանկարի մոտավոր վայրը։

Ամփոփելով նշենք, որ ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները ոչ մի կերպ չեն ապացուցում, որ նրանք վերցրել են Իշխանասարի բարձունքը կամ այն բարձունքը, որտեղից լուսանկար էր հրապարակել Տիգրան Ավինյանը։ Սակայն տեղորոշված տեսանյութերից ու լուսանկարից հստակ երևում է, որ ադրբեջանցիների զբաղեցրած բարձունքը Սև լճի մոտակայքում է և ՀՀ սահմանից ներս է։ Հստակ չենք կարող պնդել՝ այդ բարձունքն այժմ ում վերահսկողության ներքո է, քանի որ տեսանյութերը և լուսանկարները կարող են հին լինել։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել