Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է գծանցներում անվտանգության կանոնների մասին իրազեկման միջոցառում
09:19 - 16 հուլիսի, 2021

Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է գծանցներում անվտանգության կանոնների մասին իրազեկման միջոցառում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է գնացքների երթևեկության անվտանգության ապահովման ուղղված իրազեկման միջոցառում, որի նպատակն է երկաթուղային գծանցներում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային իրավիճակների կանխումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իրազեկման միջոցառումը պայմանավորված էր վերջին շրջանում հաճախակի դարձած՝ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծանցներում երթևեկության կանոնների խախտումներով, որոնք որոշ դեպքերում ավարտվում են դժբախտ ելքով։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում ՀԿԵ անվտանգության ծառայության մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ Երևան-Գյումրի երթուղու «Մասիս» և «Սովետական» կայարաններին հարող երկաթուղային գծանցներում հատվող ճանապարհներով երթևեկող ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին փոխանցել են գծանցներում երթևեկության անվտանգության կանոնների մասին իրազեկման հուշաթերթիկներ՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարածին իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։

«ՀԿԵ մասնագետները, մասնավեորապես, «Մասիս» կայարանին հարող գծանցում վարորդներին ներկայացրել են կարգավորվող՝ ուղեփակոցով երկաթուղային գծանցի անվտանգ հատման, իսկ «Սովետական» կայարանին (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրին կից) հարող գծանցում՝ չկարգավորվող՝ առանց ուղեփակոցի երկաթուղային գծանցի անվտանգ հատման կանոնները, մասնավորապես հորդորելով նրանց ղեկավարվել երթևեկության նախազգուշացնող համապատասխան նշանների պահանջներով։

Հարավկովկասյան երկաթուղու տեղեկացմամբ՝ 2021 թ․ 1-ին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 9 դեպք (4-ը՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում)։ Պատահարների մի մասը տեղի է ունենում երկաթգծի հետ ապօրինի՝ չթույլատրված գծանցներում։

ՀԿԵ գլխավոր ուղու վրա առկա են 164 գծանցներ, որոնցից 31-ը՝ կարգավորվող, 89-ը՝ չկարգավորվող, և 44-ը՝ չթույլատրված (ապօրինի կառուցված)։

Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին։ Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով, համոզվի, որ գծանցին գնացք չի մոտենում, և դրանից հետո միայն անցնի գծանցը: Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա: Պետք է նկատի ունենալ, որ բախման հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է կազմել 500 մետրից մինչև 1 կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել