Ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանի քայլ առաջ չանելու մասին պնդումը ճիշտ չէ․ Politik.am-ը սխալվում է
21:53 - 15 հուլիսի, 2021

Ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանի քայլ առաջ չանելու մասին պնդումը ճիշտ չէ․ Politik.am-ը սխալվում է

Հուլիսի 13-ին Politik.am լրատվական կայքը հրապարակել է վիդեոհարցարզույց, որի ժամանակ, ի թիվս այլնի, հաղորդավարն անդրադարձել է նաև Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշին։ Վերջինս մասնավորապես նշել է․ «Ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանը քայլ առաջ չի արել, եթե ոչ մի քանի քայլ հետ է արել, մարդու իրավունքների տեսակետից խայտառակ իրավիճակ է։ Դուք տեսնում եք՝ իրավապահ մարմիններն ինչպես են վարվում ՏԻՄ ղեկավարների հետ, համայնքների ղեկավարներին ստիպում են հրաժարական տալ, քանի որ Փաշինյանն այնտեղ չի հաղթել․․․»։

Թեև «Էկոնոմիստ Ինթելիջենթ Յունիթի» հետազոտական ընկերության ժողովրդավարության վերաբերյալ ամենամյա հաշվետվության համաձայն 2020 թվականին ժողովրդավարության անկում ենք ունեցել, սակայն հաղորդավարի պնդումը, թե ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանի գլխավորած կառավարությունը քայլ առաջ չի արել, չի համապատասխանում իրականությանը։

Դիտարկենք 2017-2020 թվականներին «Էկոնոմիստ»-ի հրապարակած ամենամյա հաշվետվությունները, որով հնարավոր կլինի պարզել, թե ժողովրդավարական ինչ ցուցանիշ ունեինք մինչև հեղափոխությունը, հեղափոխության տարում և դրանից հետո։

Այսպես՝ 2017 թվականին, համաձայն «Էկոնոմիստ»-ի հրապարակման, Հայաստանը ժողովրդավարական համաշխարհային ցուցանիշով 111-րդն էր, իսկ տարածաշրջանային ցուցանիշով՝ 21-րդը: Նշենք, որ 2016 թվականի զեկույցում Հայաստանը համաշխարհային ցուցանիշով 120-րդն էր, տարածաշրջանային ցուցանիշով՝ 21-րդը և ընդգրկված էր ավտորիտար երկրների շարքում։ 2017-ից սկսած Հայաստանը ավտորիտար ռեժիմից անցում է կատարել հիբրիդային ռեժիմի, որը համարվում է ավտորիտար և ժողովրդավարական ռեժիմների հիբրիդը։ 2017 թվականի զեկույցում նշվում է, որ ավտորիտար կատեգորիայից հիբրիդային ռեժիմի անցմանը նպաստել են սահմանադրական փոփոխությունները, որով էլ Հայաստանի կառավարման համակարգը կիսանախագահականից փոխվել է խորհրդարանականի։

2018 թվականի զեկույցի համաձայն Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության ցուցանիշում 8 կետով առաջընթաց է գրանցել՝ նախորդ 111-րդի փոխարեն զբաղեցնելով 103-րդ հորիզոնականը։ Իսկ տարածաշրջանային ցուցանիշով 2018-ին Հայաստանի դիրքերը չեն փոխվել։ Զեկույցում նշվում է, որ արևելյան եվրոպայի «Հիբրիդային ռեժիմում» ընդգրված երկրներից 2018-ին ամենամեծ և նշանակալից առաջընթաց գրանցած երկիրը Հայաստանն է, որը «Թավշյա հեղափոխության» և այդ տարում կայացած ընտրությունների արդյունքն է։

2019 թվականին տարեկան զեկույցում Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության ցուցանիշում 86-րդն է նախորդ տարվա 103-րդ հորիզոնականի փոխարեն, այսինքն՝ 2018-ի համեմատ գրանցել է առաջընթաց 17 կետով։ Բացի համաշխարհային ցուցանիշից Հայաստանը 2019-ին աճ է գրանցել նաև տարածաշրջանային ցուցանիշում՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը նախորդ տարիների 21-րդ հորիզոնականի փոխարեն։ 2019 թվականի զեկույցում հատուկ ենթավերնագրով անդրադարձ կա Հայաստանին, որտեղ նշվում է, որ Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից բարելավել է իր դիրքերը։ Զեկույցում նշվում է, որ 2019-ին ցուցանիշի աճ է գրանցվել ոչ միայն 2017-ի, այլև 2018-ի համեմատությամբ։ 2019 թվականը 2017 թվականի նկատմամբ առաջընթաց է գրանցել 25 կետով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 17։

Արդեն 2020 թվականին, համաձայն զեկույցի, Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով հետընթաց է գրանցել 3 կետով․ 86-րդ հորիզոնականից նահանջել է մինչև 89-րդ հորիզոնական։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային ցուցանիշին, ապա այն մնացել է նույնը։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը հետընթաց է գրանցել 2019-ի և 2018-ի հաջողություններից հետո, որը պայմանավորվում է Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմով։ Ըստ զեկույցի՝ քանի որ պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն էր, մարդկանց խոսքի և ազատության իրավունքները որոշակի սահմանափակվել էին։ Նույնիսկ հրադադարի կնքվելուց հետո ռազմական դրությունը չհանվեց, որն, ըստ զեկույցի, որպես պատրվակ օգտագործվեց ընդդիմության հավաքները ցրելու և առաջնորդներին բերման ենթարկելու համար։

Սակայն եթե համեմատենք 2020 թվականի անկում ապրած ցուցանիշները 2017 թվականի՝ նախկին կառավարության ցուցանիշների հետ, ապա 2020 թվականին թեև ունեցել ենք ցուցանիշի անկում, սակայն ավելի լավ դիրքում ենք եղել, քան 2017-ին։

Այսպիսով՝ վիդեոհարցազրույցում հնչած այն պնդումը, թե Փաշինյանը ժողովրդավարության տեսանկյունից քայլ առաջ չի արել, չի համապատասխանում իրականությանը։

Ժողովրդավարության ցուցանիշը հարևան երկրներում և Ռուսաստանում

Հայաստանի ժողովրդավարության ցուցնիշների հետ միասին դիտարկենք նաև Հայաստանի հարևան երկրների և Ռուսաստանի ժողովրդավարության ցուցանիշները նույն ժամանակահատվածում։ Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության ինդեքսում 2016-ին 120-րդն էր, 2017-ին՝ 111-րդը, 2018-ին՝ 103-րդը, 2019-ին՝ 86-րդը իսկ 2020-ին՝ 89-րդը։ 

Ռուսաստանի դաշնությունը 2016 թվականին ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 134-րդն էր, 2017-ին՝ 135-րդը, 2018-ին՝ 144-րդը, 2019-ին՝ 134-րդը, իսկ 2020-ին՝ 124-րդը։ Ինչպես տեսնում ենք, 2016-ի համեմատ 2020-ին Ռուսաստանը գրանցել է ժողովրդավարության աճ, սակայն այն շարունակվում է դասվել ավտորիտար համակարգի երկրների շարքին։

Թուրքիան 2016 թվականին ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 97-րդն էր, 2017-ին՝ 100-րդը, 2018-ին՝ 110-րդը, 2019-ին՝ 110-րդը, իսկ 2020-ին՝ 104-րդը։ Ստացվում է, որ Թուրքիան 2016-ի համեմատությամբ աճ չի գրանցել, ավելին՝ նահանջել է։ Թուրքիայի կառավարման համակարգը, ըստ «Էկոնոմիստ»-ի, համարվում է հիբրիդային։

Ադրբեջանը 2016 թվականին ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 148-րդն էր, 2017-ին՝ 148-րդը, 2018-ին՝ 149, 2019-ին՝ 146-րդը, իսկ 2020-ին՝ 146-րդը։ Ադրբեջանը 2016-ի համեմատությամբ իր դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով, սակայն շարունակում է ընդգրկված լինել ավտորիտար երկրների շարքում։

Իրանը 2016 թվականի ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 154-րդն էր, 2017-ին՝ 150-րդը, 2018-ին՝ 150-րդը, 2019-ին՝ 151-րդը, իսկ 2020-ին՝ 152-րդը։ Իրանը 2016-ի համեմատությամբ 2020-ին գրանցել է 2 հորիզոնականի աճ, սակայն դասվում է ավտորիտար համակարգի երկրների շարքին։

Վրաստանը 2016 թվականի ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 78-րդն էր, 2017-ին՝ 79-րդը, 2018-ին՝ 89-րդը, 2019-ին՝ 89-րդը, իսկ 2020-ին՝ 91-րդը։ 2016-ի համեմատությամբ հարևան Վրաստանը հետընթաց է գրանցել։

Այսպիսով՝ դիտարկելով հարևան երկրների և Ռուսաստանի ժողովրդավարության ցուցանիշները՝ կարող ենք տեսնել, որ 2016-ից 2020 թվականներին ժողովրդավարության տեսանկյունից ամենամեծ աճը գրանցել է հենց Հայաստանը:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել