ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային համագործակցությանն առնչվող հարցեր
17:50 - 15 հուլիսի, 2021

ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
 
Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ Բարեկամության կամրջի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։
 
Հանդիպման ընթացքում Վրաստանի դեսպանը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող որոշ ընթացակարգերի կարգավորման, մասնավորապես բեռնափոխադրող վարորդներին Վրաստանի տարածքում վտանգավոր բեռների փոխադրումը պահանջող հատուկ թույլտվության տրամադրման կարգին վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաև Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների մշտադիտարկման նպատակով էլեկտրոնային նավարկման կապարակնիքների՝ Վրաստանի տարածքում կիրառման հնարավորության հարցը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել