60-65 տարեկանները 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են, պետք է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում․ վարչապետ
18:55 - 06 ապրիլի, 2020

60-65 տարեկանները 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են, պետք է նրանց մրցունակ դարձնել աշխատաշուկայում․ վարչապետ

Իմ պատկերացմամբ՝ 55-60-65 և նույնիսկ ավելի բարձր տարիքի անձինք 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մեր այն ծրագրերին, որոնց նպատակը մարդկանց՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է սպասվում այն տարիքի անձանց, որոնք թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ երիտասարդ չեն։

Քաղաքացին նաև գրել էր․ «Հիմա էլ, երբ օգնության առաջարկներ եղան, այս խավը կրկին անտեսվեց։ Խոսքս այժմյան օգնությանը այդքան չի վերաբերում, այլ մեր արհամարված տարիքին։ Ի դեպ, նշեմ, որ 59 տարեկան եմ»։


Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Նախ ասեմ, որ հակաճգնաժամային այն միջոցառումներն ու փաթեթները, որոնք մենք ընդունել ենք, դրանցից, ըստ էության, ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ես հասկանում եմ, որ թերևս Ձեր նշած տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Մենք հիմա նախատեսում ենք ընտանեկան նպաստի համակարգի բարեփոխումների համատեքստում քննարկել, թե այս առումով ինչ կարող ենք անել համակարգն արդյունավետ դարձնելու համար»։

Վարչապետը հավելեց, որ իր պատկերացմամբ՝ 55-60-65 տարեկանները 21-րդ դարում լիարժեք աշխատկունակ մարդիկ են։

«Եվ պետք է ունենանք ծրագրեր, և այն ծրագրերը, որոնց նպատակը մարդկանց՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է, դրանց  պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Նկատի ունեմ՝ մեր երկրի տնտեսական զարգացման առումով ոչ թե մեր նպատակը պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ առաջին հերթին նրանց հմտությունները զարգացնելն այնպես, որ աշխատանք գտնելու համար նրանք ավելի մրցունակ դառնան»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց՝ ինքը համարում է, որ իսկապես այստեղ լուրջ անելիք ունեն և առաջիկայում ավելին կանեն այդ հարցը լուծելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել