Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանին ինքնին բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ  |armenpress.am|
12:58 - 13 հուլիսի, 2021

Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանին ինքնին բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հավաքված փաստերը և վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։

Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գոյություն ունի նախադեպային պրակտիկա, և կարելի է դա հիմնավորել, որ նրանց ներկայությունը ինքնին կյանքի իրավունքի խախտում է։

«Այստեղ բաղադրիչները կարող են լինել տարբեր՝  Ադրբեջանի կողմից ատելության և թշնամանքի քարոզը, այն պատերազմական հանցագործությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ կատարվել են, խոշտանգումները և այլն։ Հաշվի առնելով, որ զինվորականները ադրբեջանական իշխանությունների և, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ուղիղ ենթակայության ներքո են, հետևաբար նրանք այդ քաղաքականությունն իրականացնելու են։ Առավել ևս նրանց կողմից կազմակերպվում են ժամանակ առ ժամանակ կրակոցներ»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև կարևորեց, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, որը նույնպես Ադրբեջանի կողմից խախտվել է։

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է նաև բնակիչների սեփականության իրավունքը։

«Խոսքը վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ամբողջ սահմանային հատվածին։ Խոսքը թե արոտավայրերից օգտվելու, թե սեփականության իրավունքով հողեր օգտագործելու, վարելահողերից օգտվելու, տները օգտագործելու մասին է»,- նշեց Թաթոյանը։

Ադրբեջանը նաև խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը։ Ըստ Թաթոյանի՝ դա նույնպես կարևոր է, որովհետև ադրբեջանական զինվորականների ներկայությունը Հայաստանի ճանապարհներին, Սյունիքի համայնքները իրար միջև կապող ճանապարհներին սահմանափակում է բնակիչների ազատ տեղաշարժը։

«Բնակիչները խուսափում են երեկոյան ժամերին, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, բայց առավել խուսափում են Կապանից մինչև Ճակատեն և մյուս գյուղերը երթևեկելուց։ Խոսքը նաև նրանց դրոշների և ցուցանակների մասին է, որովհետև նրանք օգտագործում են այդ դրոշները և ցուցանակները ակնհայտորեն հոգեբանորեն ազդելու և ահաբեկելու նպատակով»,- եզրափակեց Թաթոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել