ՍԴ դատավորը ԿԸՀ նախագահին խնդրեց գնահատել լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը |armtimes.com|
13:36 - 12 հուլիսի, 2021

ՍԴ դատավորը ԿԸՀ նախագահին խնդրեց գնահատել լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն այսօր ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա վարչապետի պաշտոնակատարի կողմից ընտրության օրվան նախորդող «լռության օրը» կատարված հայտարարությանը, եւ նշվածի հետ կապված ի՞նչ գործողություններ է կատարել ԿԸՀ-ն:

«Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- արձագանքեց Մուկուչյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը «լռության օրը» ուղիղ եթեր էր մտել, բոլորին կոչ արել հունիսի 20-ին գնալ տեղամասեր, կատարել իրենց ընտրությունը՝ շեշտելով դրա կարեւորությունը:

ԿԸՀ-ն այս հայտարարության համար Փաշինյանին նախազգուշացում էր արել՝ նրա հայտարարությունը համարելով լռության օրվա խախտում: Փաշինյանը ԿԸՀ որոշումը բողոքարկել էր եւ շահել դատը:

Խունդկարյանն այսօր Մուկուչյանին հիշեցրեց, որ դատարանը ԿԸՀ որոշումը անվավեր է ճանաչել, քանի որ որոշման մեջ նշված քարոզչություն արտահայտությունը պատճառաբանված չի եղել ԿԸՀ կողմից:

«Ախր հիմա եթե ասեմ, պետք է ասեք՝ դատական ակտն եմ էլի գնահատում»,- արձագանքեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով. «Այն մասով, ինչ մասով Ընտրական օրենսգրքում եղել է կանոնակարգված, մեր կարծիքով՝ լիարժեք պատասխան է տրվել դրան: Որովհետեւ վկայակոչված իրավանորմը, որի վրա վկայակոչում է արվել, գործողության մեջ պետք է լիներ 2022-ի հունվարի 1-ից»:

Խունդկարյանը համաձայնեց, բայց մասամբ. «Այո՛, 2022 հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով հանդերձ՝ նոր որակվում է, թե ինչը կարող է դիտվել քարոզչություն, եւ այդ պայմաններում Վարչական դատը ասել է՝ քանի այդ որակումը չի գործում, ուստի վարչական մարմինը (տվյալ դեպքում՝ ԿԸՀ-ն-խմբ.) ինքն էր պարտավոր մանրամասն անդրադառնալ, թե արդյոք դա քարոզչության տարրեր պարունակում է, թե ոչ»,- ասաց դատավորը:

Մուկուչյանը պատասխանեց. «Եթե գնահատվել է, նշանակում է պարունակում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել