Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը
10:39 - 10 հուլիսի, 2021

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վրացական կողմից արարողությանը մասնակցել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Երկու երկրները կապող «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքին ներկա են եղել նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, հայկական և վրացական կողմերի այլ պաշտոնատար անձինք, Տավուշի մարզպետն ու Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգապետը, երկու երկրների դեսպանները։

Նոր կառուցվող կամուրջը փաստացի բաղկացած է լինելու երկու ուղղություններն առանձին սպասարկող՝ իրարից 1 մետր հեռավորությամբ երկու զուգահեռ կամուրջներից` յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիներով։ 160 մ երկարությամբ կամուրջն ունենալու է 32-ական մ երկարությամբ 5 թռիչքներ‚ յուրաքանչյուր կամրջի ընդհանուր լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35 մ։ «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։ Կամրջի շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թ․ մայիսին։ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի տեղեկացմամբ ներկայում գործող կամուրջը նորը շահագործման հանձնելուց հետո պահպանվելու է և գործելու է միայն վթարային իրավիճակներում որպես լրացուցիչ, այլընտրանքային տարբերակ։

Կամրջի հիմնարկեքին նվիրված ելույթում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կարևորել է կամրջի կառուցման աշխատանքների հաջող մեկնարկը՝ հաղթահարելով ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած տարբեր դժվարությունները, ինչպես նաև կորոնավիրուսի հակավարակի և 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած խոչընդոտները։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս ծրագրի շրջանակում մշակվել և հաստատվել են կամրջի կառուցման համար անհրաժեշտ բոլոր նախագծերն ու տեխնիկական փաստաթղթերը՝ վստահություն հայտնելով, որ «Բարեկամություն» կամուրջը կկառուցվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։

Ծրագրի իրականացման գործում Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ արդյունավետ համագործակցությունը, որը միտված է հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ծրագրի շարունակականության ապահովմանն ուղղված՝ Վրաստանի կառավարության ջանքերը և կամրջի շինարարական աշխատանքերն իրականացնող իրանական ընկերության ներդրումը։

Անդրադառնալով կառուցվող կամրջի նշանակությանը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարեկամ երկու երկրների միջև ունենանալ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։ «Սահմանային նման ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը», - հավելել է նախարարի պաշտոնակատարը։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, իր հերթին մեծապես կարևորելով Հայաստանը և Վրաստանը կապող նոր կամրջի ենթակառուցվածքային և տնտեսական մեծ նշանակությունը, ընդգծել է, որ այս ծրագիրը հայ-վրացական դարավոր բարեկամության ևս մեկ կարևոր խորհրդանիշ կդառնա։ Իրակլի Կարսելաձեն բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների և մասնավորապես ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ներդրումը Covid-19-ի համավարակի հարուցած խնդիրների արագ հաղթահարման և կամրջի կառուցման ծրագրի իրագործման գործում ցուցաբերած հետևողականությունը։

ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին-Հանսենը, երկու երկրներին շնորհավորելով կարևոր ենթակառուցվածքային ծրագրի մեկնարկի առիթով, ընդգծել է, որ կառուցվող կամուրջի շնորհիվ սահմանային անցակետերի արդյունավետ աշխատանքի դեպքում կխթանվի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունը, այլև մարդկանց ֆիզիկական տեղաշարժը, զբոսաշրջությունը, ինչի արդյունքում երկու երկրները կունենան տնտեսական զարգացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել