Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար. պետությունը կկիսի նաև վարկի երաշխիքի բեռը |armenpress.am|
10:02 - 09 հուլիսի, 2021

Մինչև 3 մլրդ դրամ անտոկոս վարկ՝ թարմ գյուղմթերք արտահանողների համար. պետությունը կկիսի նաև վարկի երաշխիքի բեռը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանողներն արդեն հնարավորություն ունեն մինչև 3 մլրդ դրամի անտոկոս վարկ ստանալ՝ ֆերմերից գյուղմթերքը ձեռք բերելու նպատակով. բացի այդ՝ պետությունն իր վրա է վերցնում վարկային երաշխիքի բեռի մի մասը: Այս ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Պետությունը արտահանողներին ընձեռել է այս հնարավորությունը՝ ընդլայնելով վերջին տարիներին գործող ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակում հումք ձեռք բերելու համար անտոկոս վարկ է առաջարկվում վերամշակողներին: Նախորդ տարի ծրագրի շրջանակում վարկային միջոցներով հնարավորություն է ընձեռվել նաև ձեռք բերել ներդրանքներ՝ պահածոյացման համար տարաներ, կափարիչներ, ասեպտիկ փաթեթներ:

«Այս ծրագրի շրջանակներում այս տարի հնարավորություններն ընդլայնվեցին, նախկինում գործող մինչև 1.8 մլրդ դրամ վարկային ծավալը բարձրացվեց մինչև 3 մլրդ դրամի»,-ասաց Խոջոյանը:

Պետությունը նախորդ տարի փորձել է արտահանողներին նույնպես ընդգրկել ծրագրում, բայց միայն մեկ մշակաբույսի՝ խաղողի համար: «Եվ մենք տեսանք, որ դա մեզ հնարավորություն տվեց թարմ խաղողի արտահանումը մոտ 1.7 անգամ՝ շուրջ 10 հազար տոննայով ավելացնել: Այս տարի նույնպես արդեն անցյալ տարվա մթերված խաղողը շուրջ 10 տոննայով ավելի շատ է արտահանվել, քան նախորդ տարի նույն ժամանակաշրջանում: Եվ որոշեցինք արտահանման խթանման այս հաջող ծրագիրը կիրառել նաև բոլոր մշակաբույսերի համար: Այսինքն՝ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողները նույնպես կարող են ծրագրի մաս դառնալ»,-ասաց փոխնախարարը:

Արտահանողը պարզապես բանկ է ներկայացնում իր և ֆերմերի միջև կնքվող պայմանագիրը, ինչի  հիման վրա էլ բանկը հաստատում է վարկի չափը, վաճառքն իրականացնելուց հետո բանկը գումար փոխանցում է միանգամից ֆերմերին: «Ֆերմերն իր արտադրածի համար ժամանակին ստանալով գումարը՝ կարողանում է ճիշտ կազմակերպել իր գյուղատնտեսական աշխատանքները»,-ասաց փոխնախարարը:

Բանկերում տնտեսավարողների ունեցած գրավի խնդիրը լուծելու նպատակով պետությունը նաև կիրառում է մեկ այլ դրույթ՝ իր վրա վերցնելով վարկային երաշխիքի բեռի մի մասը: «Դա նախատեսում է 2020 թվականի արտահանման ծավալով, բայց ոչ ավել, քան վարկի գումարի 50 տոկոսի չափով պետական երաշխիքի տրամադրում: Պետությունը ձեռք է մեկնում վերամշակող և արտահանող կազմակերպություններին, որոնք գումարի ներգրավման խնդիր ունեն: Բանկերի կողմից կար զգուշավորություն՝ գույքի գրավադրման, գույքի գնահատման առումով: Կառավարությունը հնարավորություն տվեց, որ այդ գնահատման ռիսկը մեղմվի՝ 50 տոկոս պատասխանատվություն վերցնելով իր վրա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ պետական երաշխիքի տրամադրման կարգի հաստատումից հետո արդեն կարող են դիմել նաև պետական երաշխիք ստանալու համար:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել