ՀՀ-ում օգտագործվում է «AstraZeneca» պատվաստանյութ, որն ընդունելի է ԵՄ–ում․ չկան դրա այլ տեսակներ․ այժմ տարբեր երկրներում ընթանում է սերտիֆիկատների ձևաչափերի փոխճանաչման գործընթաց․ Ավանեսյան |tert.am|
13:50 - 08 հուլիսի, 2021

ՀՀ-ում օգտագործվում է «AstraZeneca» պատվաստանյութ, որն ընդունելի է ԵՄ–ում․ չկան դրա այլ տեսակներ․ այժմ տարբեր երկրներում ընթանում է սերտիֆիկատների ձևաչափերի փոխճանաչման գործընթաց․ Ավանեսյան |tert.am|

tert.am: Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «AstraZeneca», որն ընդունելի է Եվրամիությունում, և կա «AstraZeneca», որն ընդունելի չէ։ Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Եվրամիության երկրները չեն ճանաչում ՀՀ-ում «AstraZeneca»-ով պատվաստումների սերտիֆիկատները և արգելում քաղաքացիների մուտքը։

Անահիտ Ավանեսյանը նշեց՝ աշխատում են, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ձևաչափերը, փոխճանաչման գործընթաց է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն կարող է տրամադրել տեղեկություն, թե որ երկրներն են արդեն ճանաչել մեր սերտիֆիկատների ձևաչափերը։

«Հայաստանում օգտագործվում է «AstraZeneca» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է Եվրամիության երկրների համար։ Չկան այդ պատվաստանյութի այլ տեսակներ, կա այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը Եվրամիությունն ընդունել է։ Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։ 

Նրա խոսքով՝ բոլոր երկրներն սկսել են իրար հավելվածների փոխճանաչման գործընթացը, ԱԳՆ-ն ամբողջական տեղեկատվություն է տալիս՝ որտեղ է գործընթացն ավարտվել։ «Հայաստանը որևէ բան չի ուշացնում, ընթացք է, որը բոլոր երկրներն այս պահին անցնում են»,-ասաց նա։ 

Թե երբ է ավարտվելու փոխճանաչման գործընթացը, Ավանեսյանն ասաց, թե մի շարք երկրներում այն արդեն ավարտված է, մի շարք երկրներում պրոցեսներն ընթանում են։ «Եվրամիության երկրներն  իրար միջև էլ դեռ փոխճանաչում են իրենց հավելվածները»,-նշեց նա։ 

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստումներն ընդհանուր պատվաստման մեջ փոքր տոկոս են կազմում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել