Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ կամ պակասուրդ առկա չէ․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
11:36 - 08 հուլիսի, 2021

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ կամ պակասուրդ առկա չէ․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ, ինչպես նաև պակասուրդ առկա չէ:

Շաքարավազի ներմուծման գործընթացն ընթանում է բնականոն հունով, արդեն իսկ ներմուծվել են նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:

Հանձնաժողովի աշխատակազմը նաև կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:

Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է գների նվազման միտում: Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, որ շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել