«Հայփոստը» մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները
16:34 - 06 հուլիսի, 2021

«Հայփոստը» մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավելի քան 50000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում: 

Կենսաթոշակառուն իր՝ «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: 

«Հայփոստը» նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի և նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ինչպես նշում է «Հայփոստ» ՓԲԸ փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը, Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ և այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել «Հայփոստի» դրամապանակների միջև, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաև հասցեական առաքման միջոցով»: 

Բացառություն են կազմում հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝ 

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, 

14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով: 

Հուլիսից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով:

Հիշեցնենք, որ «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել