Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ խորհրդարանում «Հայաստան» դաշինքից լինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները |armenpress.am|
14:06 - 06 հուլիսի, 2021

Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ խորհրդարանում «Հայաստան» դաշինքից լինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները |armenpress.am|

armenpress.am: Հայ հեղափոխական դաշնակցությունը բացառում է այնպիսի տարբերակ, որ «Հայաստան» դաշինքից խորհրդարանում կլինեն միայն ՀՅԴ ներկայացուցիչները. որոշում կայացնելու է դաշինքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է միայն ՀՅԴ ներկայացուցիչները մտնեն խորհրդարան:

«Բացառվում է, որ միայն ՀՅԴ-ն մտնի: Այդ որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը և որոշումը կլինի ամբողջական: Երբեք չի կարող գործընկերներից մեկն առանձին դիրքորոշում ունենալ: Որոշումն ընդունվելու է համատեղ: Վերջնական որոշումը կընդունենք ՍԴ-ի եզրակացությունից հետո»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա վստահեցմամբ՝ այդ որոշումը բխելու է իրենց պայքարի հաջողության տրամաբանությունից: Եթե դաշինքը գա այն եզրակացության, որ այդ մանդատները վերցնելով իրենց պայքարին նոր ուժ են տալու, օգտվելու են նաև խորհրդարանական ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից, ուրեմն կգնան այդ տարբերակով, կվերցնեն մանդատները և պայքարը կշարունակեն: «Հայաստան» դաշինքը խորհրդարան չմտնելու քննարկումներ ունեցել է հատկապես սկզբնական օրերին: «Հիմա հակված ենք մյուս տարբերակին: Բայց վերջնական դիրքորոշումը կհայտնենք ՍԴ-ի որոշումից հետո»,-ասաց Սաղաթելյանը:

Արծվիկ Մինասյանն էլ, խոսելով ՍԴ ներկայացված դիմումի մասին՝ նշեց՝ ակնկալվում է, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ԿԸՀ-ի որոշումն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ և կկայացնի 3 հնարավոր որոշումների մեկը: «Որոշում կարող է կայացնել առաջինը՝ մանդատների բաշխման կարգը փոխելու մասին, երկրորդ՝ նոր ընտրություններ նշանակելու մասին և երրորդ՝ ընտրությունների 2-րդ փուլ նշանակելու մասին: Այս բոլոր որոշումների հիմնական միտքն ու տրամաբանությունը հենված է այն հիմնարար և լրջագույն ապացուցողական բազայի վրա՝ ըստ որի հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումներ, որոնք չեն կարող արտացոլել իրական պատկերը հասարակության մոտ՝ քաղաքական ուժերին տրված վստահության քվեների մասով»,-ասաց Մինասյանը:

Նա հավելեց՝ ակնկալում են, որ ՍԴ-ն կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ապացույցները, ներկայացված փաստերը և կայացնել այդ որոշումներից որևէ մեկը: Դաշինքը հուսով է նաև, որ հունիսի 9-ին՝ առաջին նիստին ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխարգելել իրավախախտումները:

«Կներկայացվի նաև բավականին լուրջ տեղեկատվություն՝ կրկնաքվեարկությունների, նյութական ռեսուրսները մասսայական օգտագործելով, ըստ էության, պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելուն ուղղված քայլերի մասին»,-ասաց նա ու հավելեց՝ վստահ են, որ դրանք  ոչ միայն ներպետական դատական համակարգում, նաև միջազգային իրավական համակարգում պատշաճ  գնահատման ենթակա փաստեր են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել