Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ
19:01 - 04 հուլիսի,2021

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Փաշինյանի ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։

Ուրախ ենք, որ Ձեր վարչակազմը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում կրկին ստանձնելու միջազգային առաջատարի դերը»։

«Այդ արժեքները, որոնք կիսում է նաև հայ ժողովուրդը, ընկած են մեր հարաբերությունների հիմքում: Այդ առթիվ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին երկարած աջակցության ամուր ձեռքի համար։

Վերջին ժամանակներս համայն մարդկությունը դիմակայում է լուրջ մարտահրավերների՝ համավարակ, կլիմայի փոփոխություն, հակամարտություններ ու պատերազմներ։ Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին, համավարակի դեմ պայքարում ցուցաբերած ֆինանսական ու բժշկական անգնահատելի օժանդակությունը», - նաև ասված է ուղերձում։

Փաշինյանը մեծապես կարևորել է ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը. «Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը»։

«Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում։ Լիահույս եմ, որ ապագայում կարձանագրենք փոխշահավետ համագործակցության նորանոր ձեռքբերումներ», - նշել է վարչապետը։

Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին։

Այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման և հզորացման գործում, մեծապես նպաստել մեր պետությունների միջև համագործակցությանը։

Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը, որը Ձեր վարչակազմի՝ մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:

Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է՝ հույս հայտնելեով, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վերընթաց զարգանալ։

Նախագահ Սարգսյանը Բայդենին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել